Երևանը դեռ չի արձագանքում Բաքու ուղարկված 6 կետանոց պատասխանի շուրջ քննադատություններին


Երևանը դեռ չի արձագանքում Բաքու ուղարկված 6 կետանոց պատասխանի շուրջ քննադատություններին

  • 16-05-2022 17:51:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պաշտոնական Երևանը արդեն երրորդ օրն է՝ լուռ է, չի արձագանքում Բաքու ուղարկված 6 կետանոց պատասխանի շուրջ բուռն քննադատություններին, գրում է «Ազատությունը»
 
Մանիպուլյացիա, սեփական զգացմունքների արտահայտություն, ամեն ինչ, բացի կարևորից՝ ինչպե՞ս են տեսնում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը, ուրբաթ օրվանից Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները այսպես են բնութագրում Ադրբեջանի 5 կետերին հայկական 6 կետանոց արձագանքը։
 
Բաքուն մարտի կեսին հրապարակեց խաղաղության պայմանագրի բանակցություններում իր 5 պահանջները։ Առաջին իսկ կետով դրված էր միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։ Կար իրարից տարածքային պահանջներ չունենալու կետ, նաև՝ սահմանազատում իրականացնելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, կոմունիկացիաները բացելու մասին դրույթներ։
 
Երևանը նույն օրը հայտարարեց, թե պատասխանել է, բայց երկու ամիս չէին հստակեցնում, միայն ընդհանուր դրույթներով խոսելով՝ ի՞նչ են գրել ի պատասխան։
 
«Հայկական կողմի արձագանքն՝ ի պատասխան Ադրբեջանի կողմի փոխանցած Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների վերաբերյալ», - ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը:
 
Եվ ահա վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը անցած ուրբաթ Հ1-ի եթերում ընթերցեց Հայաստանի 6 կետերը:
 
«Երրորդ կետը հայկական կողմի համար, որը կարևոր է, որ հայկական ներքաղաքական կյանքում հիմա շահարկման առարկա է, որ նաև այս թեման բացվի, հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը: Կարգավիճակի հարցը բարձրացրե՞լ է հայկական կողմը, թե՞ չի բարձրացրել, բարձրացրել է», - ներկայացրել է Մարուքյանը:
 
Այս պնդումը չի կարելի անգամ դիտարկել որպես կարգավիճակի հարցը բանակցություններում ընդգրկելու առաջարկ, անմիջապես արձագանքեցին ընդդիմադիրները։
 
«Մի պնդում, որում որևէ բան ասված չէ, թե ինչպիսի՜ կարգավիճակ կամ թե ապագայում այդ հարցի լուծման ինչպիսի՜ մեխանիզմ է առաջարկում Հայաստանը», - Ֆեյսբուքում գրառում էր արել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախկին խոսնակ, այժմ՝ նրա ղեկավարած ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
 
Իսկ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը ասաց՝ էլ ավելի են համոզվել՝ Փաշինյանի կառավարությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. «Կարող է Նիկոլ Փաշինյանը և իր այդ հատուկ հատուկ հանձնարարություններով սպասարկում, կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում: Այսինքն այն մնացածը մանիպուլյացիա է»:
 
Ժամանակին լրատվամիջոցների համար հասանելի Էդմոն Մարուքյանը մի քանի օր է հրաժարվում է արձագանքել ընդդիմադիրների քննադատություններին։ «Ազատությանն» այսօր էլ փոխանցեց, թե առաջիկայում կխոսեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը