Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Aznavour Classique»-ի մեկնարկը տրվեց Երևանում


Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Aznavour Classique»-ի մեկնարկը տրվեց Երևանում

  • 17-05-2022 17:49:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագրի համաշխարհային պրեմիերան, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից:
 
Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամն ազդարարեց իր այս նոր նախագծի մեկնարկը, որի առաջին համերգը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երևանյան պրեմիերայից հետո «Aznavour Classique»-ը կմեկնի շրջագայության՝ ներկայանալով աշխարհի լավագույն համերգասրահներում։
 
Համերգի մենակատարն էր  Քրիստինա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նրա հետ մեկ բեմում հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հրավիրված դիրիժոր Նիկոլա Սիմոնիի ղեկավարությամբ։ Հատուկ հյուրերն էին երաժիշտներ Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, ովքեր նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։ Համերգի ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի հայտնի երգերը՝ դասական մատուցմամբ։ 
 
«Շառլ Ազնավուրն ու Էրիկ Բերշոն միասին են դրել այս նախագծի հիմքը, կարելի է ասել։ Արտիստի խնդրանքով Էրիկ Բերշոն սկսել էր աշխատել հայտնի հիթերը դաշնամուրային գործերի վերափոխելու վրա, սակայն կիսատ թողել այդ մտահղացումը։ Արդեն Շառլ Ազնավուրի մահից հետո Էրիկ Բերշոն ավարտին հասցրեց ամբողջական ստեղծագործությունը՝ իր հարգանքի տուրքը մատուցելով սիրելի ուսուցչին ու ընկերոջը: Այնուհետ «Ազնավուր» հիմնադրամի թիմով որոշեցինք նվագախմբային մշակման ենթարկել Էրիկի ստեղծած դաշնամուրային այդ սյուիտը՝ գործիքավորումը վստահելով Մարտին Ուլիխանյանին։ Անչափ ուրախ ենք, որ այս ծրագրի իրականացման գործում մեզ միացան թե՛ Շառլ Ազնավուրի հավատարիմ երաժիշտները, թե՛ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
 
Համերգի ընթացքում ես կատարեցի Շառլ Ազնավուրի երգերը ոչ միայն ֆրանսերեն, այլև ռուսերեն, քանի որ Շառլ Ազնավուրը մեծ ցանկություն ուներ իր երգերը հանրությանը ներկայացնելու նաև ռուսերեն ու արաբերեն։ Կարող եմ ասել, որ այս մեկ համերգով մենք կարողացանք նրա կողմից անավարտ թողնված երկու կարևոր նախագիծ կյանքի կոչել», - ասում է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
 
«Ազնավուր» հիմնադրամի որոշմամբ համերգի ողջ հասույթը փոխանցվելու է Հիմնադրամի կողմից իրագործվող «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրին, որն իրականացվում է «Զինվորի տան» հետ համագործակցությամբ։ Նույն ծրագրի շրջանակում 24 բիզնես ծրագիր արդեն ստացել է ֆինանսավորում։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն