Թուրքական «գիշատիչները» խոցելի են. ոչնչացվել է ուկրաինական մոտ 1000 անօդաչու թռչող սարք


Թուրքական «գիշատիչները» խոցելի են. ոչնչացվել է ուկրաինական մոտ 1000 անօդաչու թռչող սարք

  • 18-05-2022 14:29:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրությունների համաձայն՝ հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում օդում եւ ցամաքում օրական մինչեւ 10 ու ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվում: Մայիսի կեսերին Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 1000 միավոր նման տեխնիկա:
 
Օդում ոչնչացված թուրքական արտադրության «Bayraktar-TB2» տիպի անօդաչուների թիվը գերազանցել է 50-ը: Իսկ ի՞նչ է պատահել փառաբանված զենքին, որը դեռ վերջերս, կարելի է ասել, վճռեց պատերազմի ելքը հայ-ադրբեջանական դիմակայության գոտում: «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայ զինվորականները չկարողացան դիմադրել «Բայրաքթարներին», որոնք պարզապես տնօրինում էին օդում: Թերթը գրում է, որ թուրք հրահանգիչներին հաջողվել էր բավական կարճ ժամանակում պատրաստել ադրբեջանցի օպերատորներին, որոնք աշխատում էին առաջադեմ ուղղորդման համակարգով ու գերազանց օպտիկայով: Դա արտացոլվեց այն բանում, որ անօդաչու թռչող սարքերի անձնակազմերն արագ հայտնաբերում էին քողարկված զրահատեխնիկան, հենակետերը եւ հարվածներ հասցնում դրանց: Արդյունքում հայկական բանակը լուրջ վնասներ կրեց եւ ստիպված էր լքել դիրքերը՝ զիջելով տարածքներ:
 
Իհարկե, բացառված չէ, որ այդ անօդաչուները կառավարվում էին ոչ միայն բուն Ադրբեջանից, այլեւ Թուրքիայից: Ժամանակին այդ մասին նույնիսկ առանձին հաղորդումներ եղան: Թույլ հակաօդային պաշտպանության պայմաններում «Bayraktar-TB2»-ները դրսեւորվում են որպես մահացու զենք: Թուրքական հարվածային օպերատիվ-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարքը ներքին այրման շարժիչով եւ օդամղիչ տիպի պտուտակով կարող է օդում գտնվել 12-24 ժամ։ Կառավարման առավելագույն հեռավորությունը մինչեւ 150 կմ է, ինչը թույլ է տալիս օդում մշտական հերթապահություն վարել եւ թիրախները հայտնաբերելուց հետո արագ շարժվել դեպի առաջնագիծ՝ հրթիռներ արձակելու համար։ ԱԹՍ-ներն ունեն չորս UMTAS կառավարվող հակատանկային հրթիռ՝ լազերային ուղղորդմամբ։ Կամ կարգավորվող բարձր ճշգրտության «Roketsan MAM-C» կամ MAM-L ավիառումբեր, որոնք կարող են հարվածել օբյեկտներին մինչեւ 8-14 կմ հեռավորության վրա: Այսպիսի մարտավարական ու տեխնիկական բնութագրերը, ինչ խոսք, բավական տպավորիչ են: Այսօրվա դրությամբ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի թիվը, որոնք խոցվել են ռուսական ՀՕՊ-երի կողմից, հասնում է տասնյակների։
 
Ռազմական հատուկ գործողության անցկացման սկզբից ոչնչացվել է տարբեր մակնիշների մոտ 1000 անօդաչու թռչող սարք։
 
Մեծ են նաեւ «Բայրաքթարների» կորուստները. Զմեինի կղզում Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարձակման ժամանակ, օրինակ, ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը միանգամից 19 «Bayraktar TV2» անօդաչու թռչող սարք են խոցել։
 
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ռուսներին հաջողվել դա: Առաջին՝ հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբիայում ռազմական գործողությունների ժամանակ նվազագույն վնասվածքներ ունեցող մի քանի «Բայրաքթարներ» են ընկել հակամարտող կողմերի ձեռքը։ Նեղ մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների մասնագետները մաս առ մաս հետազոտել են դրանք: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղղորդման համակարգերին եւ տեղանքի սկանավորմանը, ռադիոէլեկտրոնիկային: Երկրորդ՝ ռուս զինվորականները ուշադրություն են դարձրել «Բայրաքթարների» կիրառման մարտավարության ուսումնասիրությանը: Պարզվել է, որ, որպես կանոն, նախ թռել են հետախուզական անօդաչու թռչող սարքերը, որոնք իրականացրել են հակառակորդի տեխնիկայի ու հենակետերի տեղակայման բացահայտումը: Միայն դրանից հետո են օդ բարձրացել հարվածային անօդաչուները: Երրորդ՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ չեն եղել, որոնք կարող էին դիմակայել «Բայրաքթարներին»:
 
Ավելին՝ զենիթային հաշվարկները, ըստ «Նեզավիսիմայա գազետայի», միշտ չեն գրագետ ու սառնասիրտ գործել: Ռուսական զորքերը եւ Լուգանսկի ու Դոնբասի ժողովրդական միլիցիան դրանց դեմ պայքարում լավագույն պատրաստվածություն ու հմտություններ են ցուցադրում: Ռազմական գործողությունների գոտին բառացիորեն լցված է ՀՕՊ-ի տարատեսակ միջոցներով, այդ թվում՝ ամենաժամանակակից համակարգերով: Դա կատարյալ անակնկալ էր ինչպես ուկրաինացի զինվորականների, այնպես էլ թուրքական անօդաչուներ արտադրողների համար: Ի դեպ, մեկ «Bayraktar TV2»-ն արժե 69 մլն դոլար (ներառյալ 6 անօդաչու թռչող սարք, երկու կառավարման կայան, 200 միավոր զինամթերթ եւ օժանդակ սարքավորումներ): Ռուս զինվորականների կողմից օգտագործվող համակարգերի թվում է «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը։
 
Որքան էլ թուրքական անօդաչու թռչող սարքը «խելացի» եւ կատարյալ լինի, նրա էլեկտրոնային «ուղեղները» խոցելի են ռադիոէլեկտրոնային ազդեցության ժամանակ։ «Կրասուխա-4»-ի յուրահատկությունը հենց դրանում է: Համակարգը նախատեսված է հրամանատարական կետեր, զորքերի խմբավորումներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, արդյունաբերական եւ վարչաքաղաքական կարեւոր օբյեկտներ ծածկելու համար։ Այն վերլուծում է ազդանշանի տեսակը եւ ճառագայթման միջոցով ազդում հակառակորդի ռադարի վրա: Կարող է նույնիսկ ճնշել լրտեսական արբանյակները, ցամաքային ռադարները, ավիացիոն ABAKC համակարգերը: Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից բացի, «Բայրաքթարների» դեմ հաջողությամբ գործում են նաեւ ռուսական ՀՕՊ-երը։ Այդ թվում՝ «Tor-M2»-ը, որը բոլոր եղանակներին օգտագործվող մարտավարական զենիթահրթիռային համակարգ է՝ նախատեսված դիվիզիոնի մակարդակով հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության խնդիրները լուծելու համար։
 
«Tor-M2»-ի հիմնական տարբերակիչ հատկանիշը շարժման ընթացքում առանց կանգ առնելու կրակելու ունակությունն է: ՀՕՊ համակարգի նախկին տարբերակների համեմատությամբ նոր համալիրը կրկնապատկել է զինամթերքի ծանրաբեռնվածությունը (մինչեւ 16 հրթիռ), իսկ 9M338K հրթիռներն ունեն խոցման ընդլայնված գոտի եւ կրակային բարձր ճշգրտություն։ Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովի խոսքով՝ «Տոր-Մ2»-ը մարտավարական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։ Ռուս զինվորականներն օգտագործում են նաեւ «Պանցիր-Ս1» հրթիռային եւ հրազենային համակարգ, որի հրթիռն ապահովում է օդային հարձակման բոլոր տեսակի առաջադեմ զինատեսակների խոցումը։ Կարելի է ասել, որ սա «Բայրաքթարների» եւ այլ անօդաչուների ամենաիսկական «գերեզմանափորն» է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը