Աղավնո․ եռակողմ դավադրության բաց նյարդը


Աղավնո․ եռակողմ դավադրության բաց նյարդը

  • 18-05-2022 17:14:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Արցախյան Աղավնո գյուղը դարձել է «հայ-ադրբեջանական կարգավորման» բաց նյարդը, և այնտեղ ապրող մարդկանց տոկունությունը փոխհատուցում է քաղաքական դասի վախկոտությունն ու պետական ​​մտածողության բացակայությունը։
 
Աղավնո գյուղը մնաց ապրելու Լաչինի միջանցքի մոտ, որը ոչ միայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհ է, այլ աշխարհքաղաքական պորտալար, որը երաշխավորում է Արցախի՝ Ադրբեջանից անկախ կյանքը։ Լաչինի միջանցքի փակումը, ինչպես ասում են Բաքվում, կլինի արցախյան հիմնախնդրի վերջնական «կարգավորումը», և հայկական պետականության ավարտի սկիզբը։ Աղավնո գյուղի բնակիչներն այժմ հերոսաբար պաշտպանում են ոչ միայն հայոց Արցախը, այլեւ հայոց պետականությունը։
 
Սրանք պաթետիկ խոսքեր չեն։ Բավական է կարդալ Բաքվի մամուլը, և կարելի է տեսնել, թե ինչ ծրագրեր են փայփայում Բաքվում՝ Բերձորն ու Աղավնոն շրջանցելով նոր ճանապարհ կառուցելով։ Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցումից և ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվելուց հետո Ադրբեջանը նույն անցակետեր ու մաքսակետեր կտեղադրի այնտեղ, ինչպես Հայաստանն է առաջարկում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում։ Նշվում է նաեւ, որ մաքսակետեր հաստատելով՝ կիրականացվի Նիկոլ Փաշինյանի ասածը՝ «Տեղ գյուղից այնկողմ Ադրբեջան է»։
 
Ռուս խաղաղապահները, ըստ Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի, օգնում են ադրբեջանցիներին էլեկտրահաղորդման գծեր անցկացնել։ Այս անգամ հաջողվեց պայմանավորվել, որ այդ գծերը Ահաավնոյով չեն անցկացվելու, սյուները կտեղադրվեն գյուղի մերձակայքում։ Ըստ Չավուշյանի, ռուս խաղաղապահները զբաղված են ադրբեջանցիների պահշտպանությամբ, որոնք նոր հաղորդակցություններ են անցկացնում։ Նոր հաղորդակցությունների անցկացումը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ, ասում է Չավուշյանը.
 
Բաքուն շտապում է խնդիրը լուծել «տեղում»՝ իրականացնելով Բաքվի, ՀՀ իշխանության և Մոսկվայի միջև Արցախը մինչև 2025 թվականը Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածությունը։ Ռուս խաղաղապահներն աջակցում են նոր հաղորդակցությունների անցկացմանը, Կրեմլին մերձ վերլուծաբանները Բաքվին խորհուրդ են տալիս սպասել Արցախի «խաղաղ ընդունման-հանձնմանը», Հայաստանի իշխանությունը եւ նոմենկլատուրային «ընդդիմությունը» հավատարմության երդում են տալիս եռակողմ հայտարարությանը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play