Պահանջում ենք Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանել ագրեսիայից, ատելությունից և խուլիգանական հարձակումներից․ հայտարարություն
18-05-2022 19:48:35 | Հայաստան | Իրավունք
Բաց նամակ. ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարության հարկավոր է խափանել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները
Հայաստանում որոշակի խմբեր վերջին տարիներին բռնության շարունակական և ակտիվ քարոզ են իրականացնում։ Այդ խմբերի կողմից բռնության քարոզն ուղեկցվում է իրենց կարծիքը չկիսող կամ իրենց գործողություններին չմասնակցող մարդկանց հանդեպ բռնություններով և հարձակումներով։ Այդ հարձակումները զուգորդվում են ատելության խոսքով, արժանապատվությունը նվաստացնող և թշնամանք հրահրող արտահայտություններով հանրային կյանքի տարբեր տիրույթներում` առցանց քննարկումներից մինչև փողոցային ակցիաներ։ Հարկավոր է օրինական մեխանիզմներով դադարեցնել քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումները, որոնցով արժեզրկվում են հենց ժողովրդավարական ինստիտուտներն ու մարդու իրավունքները։
Խոսքային և ֆիզիկական բռնություն սերմանող գործողությունները մարտահրավեր են իրավապահ համակարգի դեմ։ Բռնություն և բռնության քարոզ տարածող մարդիկ ու խմբերը նպատակ ունեն սերմանել վախ և անվստահություն պետական ինստիտուտների և ժողովրդավարության հանդեպ։
Մենք խիստ մտահոգիչ ենք համարում հանրային կյանքում խնդիրներ լուծելու նպակատով բռնությունը որպես միջոց կայացնելու զարգացումները։ Հաշվի առնելով այդ արատավոր պրակտիկան, ՀՀ տարբեր քաղաքներում, տարբեր տարիքի քաղաքացիների, ներառյալ՝ թոշակառուների վրա ֆիզիկական հարձակումներն ու բռնության կոչերը, ՀՀ իշխանություններից, իրավապահ մարմիններից պահանջում ենք․
- Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանել ագրեսիայից, ատելությունից և խուլիգանական հարձակումներից,
- Խոսքի ազատության պաշտպանության քողի ներքո անպատիժ չթողնել ատելության խոսքը,
- Բռնության ամեն դեպքով գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել,
- Վերացնել բռնության դեպքերի շարունակականությունը և անպատժելիությունը,
- Հաշվետվություն ներկայացնել հանրությանը քննության արդյունքների մասին, թե ովքեր էին բռնություն հրահրողները և ինչ պատասխանատվության են ենթարկվել իրենց հակաիրավական գործողությունների համար,
- Իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ և արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ։
Պետության ժողովրդավարական կառավարման պատասխանատվությունը ստանձնած և օրինական կերպով ընտրված իշխանությունը պարտավոր է անել այս հիմնարար քայլերը և ներկայացնել դրանք անելու ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, ինչպես նաև պարբերաբար զեկուցել առաջընթացի մասին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերներից են հանդիսանում բռնությունը ջատագովող հակաժողովրդավարական ուժերը։ Այդ ուժերը մի քանի անգամ անթաքույց կերպով հասկացրել են, որ ցանկանում են տիրել իշխանությանը հակասահմանադրական եղանակով կամ բռնազավթել իշխանությունը և վերադարձնել 2018թ թավշյա հեղափոխությամբ պատմության գիրկն ուղարկված համակարգային կոռուպցիայով անպատժելի կառավարումը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիական առաջադեմ հասարակությանը համերաշխ լինել և համախմբվել այս մարտահրավերներին դիմագրավելու համար:
-------
• Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,