Կեսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գործարքներից հետո կստանան 10 տոկոս հետվճար. Կառավարությունն ընդունեց նախագիծը


Կեսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գործարքներից հետո կստանան 10 տոկոս հետվճար. Կառավարությունն ընդունեց նախագիծը

  • 19-05-2022 12:58:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած՝ «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը:
 
Ըստ նախարար Նարեկ Մկրտչյանի՝ նախագծի նպատակը պետությունից կենսաթոշակ կամ սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված՝ պարբերական բնույթ կրող  նպաստ կամ դրամական այլ վճար ստացող շահառուների գնողունակության որոշակի բարձրացումն է՝ պայմանավորված վերջին շրջանում գրանցվող բարձր գնաճով:
 
Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ծրագրի փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
 
Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
 
«Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ վճարի սահմանում են կատարվել գործարքները: Հետվճարները տարածվելու են նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով»,- մանրամասնեց Մկրտչյանը:
 
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց՝ թոշակառուն հենց ստանում է թոշակը, անմիջապես կանխիկացնում է, և որպեսզի կարողանան օգտվել քարտային համակարգից, կարևոր է սոցիալական գովազդներ ունենալ, որը կօգնի սովորել նրանց:
 
Վարչապետն էլ ասաց, որ այնպիսի որոշում պետք է կայացնեն, որ ընդհանուր շղթայի մեջ լինի։
 
Հարցին՝ արդյոք կարո՞ղ է թոշակառուն հավաքել թոշակը և մի քանի ամիս հետո գնում անելու դեպքում 10 տոկոսի զեղչ ունենալ, Մկրտչյանն ասաց, որ հնարավոր չէ, և միայն մեկ ամսվա զեղչից կարելի է օգտվել։
 
«Սա սոցիալական ծրագիր է, մենք ուզում ենք աջակցել այն մարդկանց, որոնք այդ ճոխությունը իրենց թույլ չեն տա, հակառակ դեպքում կստացվի, որ եթե կենսաթոշակառուն հնարավորություն ունի, հավաքում է իր թոշակը, վերջում, օրինակ, «Մերսեդես» է գնում, մենք տասը տոկոս զեղչ պետք է անենք։ Վատ գաղափար չէ, բայց այս փուլում ձեռնպահ կմնանք այդ տրամաբանությունից»,- նշեց Կառավարության ղեկավարը:
 
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրեց, որ այսօր կա 61 հազար 921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 հազար 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն:
 
«Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին և ակտիվացնել պոստ տերմինալով վճարում ընդունելու հնարավորությունը: 49 հազար 375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ: ԿԲ մեր գործընկերներն այնպես են անում, որ կարճ ժամկետում ապահովվի, որ դրանց վրա պոստ տերմինալն ակտիվացված լինի: Հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել, որ օրենքի խախտմամբ է: Հիմա ստիպված ենք տուգանել կամ այլ սանկցիաներ կիրառել, որ դա էլ չունենանք»,- ասաց Բադասյանը:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ երբ ՀՀ բոլոր առևտրի կետերում անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորություն լինի, դա դարակազմիկ նշանակության բարեփոխում կլինի:
 
«Կանխիկի կրճատման, ստվերի կրճատման քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունի սա, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման առումով շատ մեծ դերակատարում ունի, որովհետև զբոսաշրջիկներից հաճախ նման ահազանգեր ենք լսում, որ շրջաններում շրջագայելիս խնդիր են ունենում կանխիկով վճարելու հետ, ինչը նրանց համար որոշակի դիսկոմֆորտ է»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:
 
Նշենք, որ նախագծի ընդունման հետ կապված 2022 թվականի պետական բյուջեում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 միլիարդ դրամի չափով:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը