ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար


ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար

  • 19-05-2022 14:49:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու կողմի ներկայացրած  առաջարկների փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
 
«Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ:
 
Մենք այս հարցը, բնականաբար, Բրյուսելում բարձրացրել էինք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով»,- ասաց Գրիգորյանը:
 
ԱԽ քարտուղարը նշեց՝ հայկական կողմը խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ պահի ընդհանուր հայտարարի գալու հույս ունի: «Քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի: Եվ այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»,-նշեց նա:
 
Գրիգորյանը հավելեց, որ կշարունակեն աշխատանքը:
 
«Մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ, և փորձելու ենք առաջ շարժվել»,- եզրափակեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը