Մոսկվան ու Բաքուն անկլավները կտրել-հավասարեցնելու պահանջ, Երեւանը փոխանակելու հույս է հայտնում


Մոսկվան ու Բաքուն անկլավները կտրել-հավասարեցնելու պահանջ, Երեւանը փոխանակելու հույս է հայտնում

  • 19-05-2022 15:36:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իրավական որևէ հիմնավորում չկա, որ Հայաստանում կա ադրբեջանական անկլավ, ասել է․ «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների վերաբերյալ, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին։ Եվ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի այդ իր կողմից ներկայացվող անկալավների հարցում, եթե նրանք այդպիսի հարցեր են բարձրացնում»։
 
Կառավարության նախորդ նիստից հետո Արմեն Գրիգորյանն այս թեմայով ասել էր․ «Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել։ Եվ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և դրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռ չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին»։
 
Անկլավների մասին 2021-ի հունիսին խոսել էր Նիկոլ Փաշինյանը․ «Մենք կարծում ենք, որ միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան, որ այն իրավիճակը, որ կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշենը ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչ որ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։
 
2021-ի դեկտեմբերին Փաշինյանն ասել էր․ «Շատ է խոսվում անկլավների մասին, մենք այս պահին ինչքան նայում ենք, անկլավների գոյության որևէ իրավական հիմք չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք, բայց այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը չենք գտել»։
 
Փաշինյանն ասել էր, որ այդ հարցը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, սակայն հանվել է։ Նոյեմբերի 9-ի հեղինակը՝ Պուտինը, նույնպես անդրադարձել է անկլավների խնդրին, Փաշինյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, ասելով, թե պետք է ինչ որ տեղ փոխանակել, ինչ որ տեղ կտրել-հավասարեցնել։
 
Այս մեջբերումներից հարց է առաջանում․ եթե չկան իրավական հիմքեր, ի՞նչն են ինչի հետ փոխանակում։ Մոսկվան հստակ հայտարարում է «կտրել-հավասարեցնելու» մասին, Բաքուն հայտարարում է, թե անկլավների խնդիր կա, եւ դրանք պետք է վերադարձվեն, իսկ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարը «փոխանակման հույս են հայտնում»։ «Խաղաղ դարաշրջանը» սին հույսեր են, ոչ թե քաղաքական դիրքորոշում՝ հիմնված իրավունքների ու շահերի վրա։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play