Բաքուն ձևավորել է սահմանազատման հանձնաժողովը և խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակությունը
20-05-2022 16:40:10 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստին՝ առանց մանրամասնելու, գրում է «Ազատությունը»:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Կողմերը պատճառները չեն նշել։
Ադրբեջանի վարչապետն իր ելույթի ընթացքում նաև հայտարարել է, որ չնայած եռակողմ աշխատանքային խմբերի շրջանակներում հանդիպումներին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթաց չի նկատվում։