Բայդենը չի ցանկանում հանդիպել Էրդողանի հետ. ԱՄՆ-ն պայմաննե՞ր է առաջադրում


Բայդենը չի ցանկանում հանդիպել Էրդողանի հետ. ԱՄՆ-ն պայմաննե՞ր է առաջադրում

  • 20-05-2022 17:28:15   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս փուլում մտադիր չէ շփվել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ՝ հաշվի առնելով Անկարայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Այսօր Ֆինլանդիայի նախագահն ու Շվեդիայի վարչապետն ասացին, որ պատրաստ են հանդիպել և ուղղակիորեն քննարկել այդ հարցը նախագահ Էրդողանի հետ», ասել է Սալիվանը։
 
Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարներին, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հրավիրվել է Պետդեպարտամենտ՝ ​​Բլինքենի հետ հանդիպման։ Փորձագետները նկատում են, որ Բայդենը Վաշինգտոնում համառորեն հրաժարվում է ընդունել Էրդողանին։ Նրանք զրուցել են 2021 թ․ հունիսին Բրյուսելում և հոկտեմբերին Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: 2022 թվականի մարտի 25-ին Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի հանդիպել Էրդողանի հետ։
 
Գերմանական Deutsche Welle-ն Էրդողանին անվանում է «դիկտատոր ՆԱՏՕ-ում»՝ նշելով, որ նրա գործողությունները ոչնչով չեն տարբերվում Պուտինի գործողություններից։ Փորձագետները նշում են, որ Բայդենի սառը հարաբերությունները թուրք բռնապետի հետ կշարունակվեն մինչև 2023 թվականը, երբ ավարտվում է նրա լիազորությունների ժամկետը։
 
2023 թվականին լրանում է նաև Լոզանի պայմանագրի 100-ամյա ժամկետը։ Էրդողանը ցանկանում է մինչ այդ ամրացնել Թուրքիայի տարածքային ամբողջականության իրավական հիմքերը։ Եվ Ռուսաստանի հետ համատեղ պատերազմը Հայաստանի դեմ այս ծրագրի մի մասն է։
 
ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և առանց այլ հարցերի, այդ թվում՝ առանց Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
 
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Վաշինգտոնում ասել է, որ «Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Կոչ ենք անում Հայաստանին դրական արձագանքել այս քայլերին։ Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում իշխանությունները ճնշումների են ենթարկվում ներսում արմատականների, իսկ դրսում՝ սփյուռքի կողմից»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը