Անընդհատ զգուշացնում եմ՝ տնակ չգնեն, քանդելու ենք. Գյումրու Մսի կոմբինատում սոցիալական բնակարաններ կկառուցվեն. Սամսոնյան


Անընդհատ զգուշացնում եմ՝ տնակ չգնեն, քանդելու ենք. Գյումրու Մսի կոմբինատում սոցիալական բնակարաններ կկառուցվեն. Սամսոնյան

  • 23-05-2022 19:03:03   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին Գյումրիում իրականացված բնակարանաշինական և բնակապահովման ծրագրերի միջոցով բազմաթիվ անօթևաններ բնակարաններ են ստացել: Խնդիրը, սակայն, աղետից 34 տարի անց, դեռ ամբողջովին լուծված չէ. Գյումրիում անօթևաններ էլ կան, տնակներ էլ:
 
Աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ պետությունն իր պարտքը կատարել, նրանց կորցրած բնակարանները տրամադրել է: Ներկայիս անօթևաններն ամենատարբեր պատճառներով են հայտնվել տնակներում կամ հարմարեցված շինություններում:
 
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը տնակների ճշտված թիվ է ներկայացնում՝ 2700, որից 500-ը՝ չբնակեցված:
 
«Հիմա աշխատանք ենք տանում՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս ենք այդ փակ դռների խնդիրը կարգավորում: Գույքագրումը կա, ամեն մի տնակ ունի իր պատմությունը, թե ինչ-ինչ ճանապարհով են մարդիկ դեռ դրանցում գտնվում: Բազան ունենք, 90 տոկոսանոց ճշտության թիվ է, եթե ուրիշ հաշվարկներ էլ լինեն, մեծ տարբերություն չենք ունենա: Պետք է ամեն ինչ անենք, որ տնակները կարողանանք վերջնականապես հանել քաղաքից»,- վստահեցնում է համայնքապետը:
 
Տնակները Գյումրուց վերացնելու պատասխանատուների ջանքերին զուգահեռ առքուվաճառքի հայտարարություններում քիչ չեն տնակներ վաճառողներն ու գնորդները: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Սամսոնյանն ասում է՝ տեղյակ է, որ մինչ օրս էլ դեռ տնակ գնող կա:
 
«Ամեն շաբաթ 20-30 ընդունելություն եմ ունենում, բոլորին ասում եմ՝ չգնեք, կքանդեք, իզուր ծախս կլինի, ձեր գումարը ջուրը կլցվի: Ամենակարևոր հարցը, որ կարողացել ենք լուծել, տնակների վրա մարդկանց հաշվառումը դադարեցնելն էր: Այսինքն, եթե հիմա էլ գնեն տնակ, չեն կարողանա հաշվառվել որպես այդ տնակի բնակիչ: Չեն ունենա հասցեավորում: Այլապես անընդհատ կշրջանառվեր էս պրոցեսը, ոնց որ եղել է»,- ասում է նա:
 
Տնակների հետ կապված օրինական միայն մեկ գործընթաց կա՝ սեփականաշնորհումը: Եթե քաղաքացու տնակն այնպիսի վայրում է, որը քաղաքաշինական նորմերի խախտում չի համարվում, ապա տնակատիրոջը ցանկության դեպքում այն սեփականաշնորհելու իրավունք է տրվում:
 
Մյուս անօթևանների խնդրի լուծման այլ ծրագրեր ևս ընթացքի մեջ են: Դեռ նախորդ տարվանից մասնավոր ընկերությունը Գարեգին Նժդեհի փողոցում մեկնարկել է մոնոլիտ 5 հարկանի շենքի շինարարությունը՝ ընդհանուր 350 բնակարանով։ Հարևանությամբ, ըստ Սամսոնյանի, մեկ այլ գործարար ևս 90 բնակարանի շինարարություն է նախաձեռնել:
 
Քաղաքի կենտրոնական հատվածում կառուցվող այս շենքերի բնակարանները չեն նվիրվելու կամ հատկացվելու անօթևան համարվողներին: Դրանք գյումրեցիներն ու բոլոր ցանկացողները ձեռք կբերեն սեփական միջոցներով: Մյուս տնակաբնակները, որոնց ֆինանսական դրությունը թույլ չի տա սեփական ուժերով քարաշեն բնակարան ունենալ, պետք է սպասեն իրենց հերթին ու ընթացքի մեջ գտնվող սոցիալական բնակարանաշինական ծրագրի ավարտին:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները դեռ ավարտին չեն հասել: Ծրագրի իրականացման համար Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս:
 
«Հիմնադրամը 40 բնակարան կառուցել է առաջին փուլում, իսկ 2-րդ փուլում 55 բնակարան է կառուցվում: Դրանցից 40-ը հաշմանդամություն ունեցողների համար է նախատեսված: Հողը հատկացրել է համայնքը: Մանկապարտեզն էլ կլինի, շատ հարմարավետ թաղամաս կդառնա մեր՝ տնակներում ապրողների համար»,- ասում է Գյումրու համայնքապետը:
 
Մեկ այլ ծրագիր էլ կիրականացվի Գյումրու համայնքապետարանի և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Կազմակերպության համահիմնադիր Փիթր Աբաջյանի հետ կնքված հուշագրով նախատեսվում է համագործակցել սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։
 
Գյումրու համայնքապետարանը պարտավորվում է հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:
 
«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվում է ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։ Առաջին հարկը թողնվելու է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար:
 
Համայնքապետարանի առաջարկած 4 տարբեր կիսակառույցներից «Դեպի առաջ»-ն ընտրել է Գյումրու Մսի կոմբինատ թաղամասի եռահարկ կիսակառույցը:
 
«10-12 սոցիալական բնակարան կկառուցեն իրենք ու 10 կարի մեքենա կբերեն, որպեսզի առաջին հարկում կրթաարտադրական ձեռնարկությունը հիմնեն: Աշխատատեղերի խնդիր էլ է լուծվելու»,- տեղեկացնում է Սամսոնյանը:
 
Շինարարության մտքից հրաժարվել, սակայն գյումրեցի անօթևան տնակաբնակներին քարաշեն բնակարաններ հատկացնելուն դեմ չէ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը: Ի սկզբանե հիմնադրամի միջոցներով Գյումրիում նախատեսվում էր կառուցել 12-16 սոցիալական բնակարան: Ծրագիրն այս պահին փոփոխության է ենթարկվել:
 
«Իրենք շուկան ուսումնասիրեցին՝ հաշվի առնելով վերջին շրջանում գրանցված թանկացումները: Այժմ որոշել են այդ բնակարանները ոչ թե կառուցել, այլ գնել ու տրամադրել շահառուներին»,- ասում է համայնքապետը:
 
Գնվող այդ բնակարանները, սակայն, սկզբում չեն լինի ամբողջական նվիրատվություն: Հիմնադրամն անհատույց կվճարի գնվող բնակարանի արժեքի 50 տոկոսը, մյուս 50 տոկոսը ընտանիքները վերադարձնելու են հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո 10 տարվա ընթացքում: Երբ գումարը վճարեն, կդառնան այդ բնակարանի սեփականատերը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը