Ծալկայի շրջանում բացվեց 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը


Ծալկայի շրջանում բացվեց 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը

  • 24-05-2022 19:07:11   |   |  Մամլո հաղորդագրություն
Մայիս 21-ին Ծալկայի շրջանի Օզնի գյուղը մարդաշատ էր. Հայ և վրացի պաշտոնյաներին, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղում միավորել էր շրջանում առաջին «ԱրՄաթ» կենտրոնի բացումը։
 
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք. «Ջավախքում արդեն գործում են թվով 10 «ԱրՄաթ» կենտրոններ, իսկ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանում սա առաջին կենտրոնն է, որտեղ արդեն իսկ սովորում են շուրջ 60 երեխա։ Մեր ծրագրերը մշակում և իրականացնում ենք համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վերլուծելով կարիքները հասկացանք, որ անհրաժեշտ է «ԱրՄաթ» կենտրոնի ներդրումը նաև Ծալկայի շրջանում, ինչը նպաստում է  ոչ միայն երեխաների այլև նաև Վրաստանի տնտեսության զարգացմանը», -ասաց պարոն Մկոյանը։ 
 
ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:
 
«Հ.Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանը ընդգծեց, որ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոնը արդեն երրորդն է, որ  հիմնել են ՋԱՀ֊ի հետ համագործակցությամբ. «Ելնելով սերնդի դաստիարակության ու ճիշտ գաղափարի շուրջ համախմբելու գործոններից հասկացանք, որ լավագույն ներդրումը Ջավախքում «ԱրՄաթ» կենտրոնի ֆինանսավորումն է», -նշեց տիկին Մելիքյանն ու հավելեց, որ «Այստեղ պետք էր ստեղծել մի կենտրոն որի հետ երիտասարդներն ու պատանիները կկապեն իրենց ապագան ու հեռանկարները»։
 
Օզնիյում «ԱրՄաթ» կենտրոնը գործում է Արմենակ Ավագյանի տանը, որը նա տրամադրել է անհատույց, իսկ վերանորոգումն ու կառուցապատում իրականացվել է ծնունդով Օզնեցի բարերար Ռազմիկ Բլիկյանի կողմից։ Պարոն Բլիկյանի խոսքով ՏՏ ոլորտի զարգացումը բխում է ժամանակի պահանջներից. «Սա էր պատճառը որ ՋԱՀ-ի հետ մղվեցինք դեպի այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն մեծ արձագանք է գտել։ Միայն ասեմ, որ այստեղ սովորող երեխաների թիվն ավելի մեծ է, քան դպրոց հաճախողների թիվը։ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոն հաճախում են նաև հարևան գյուղերի երեխաները ինչը շատ ուրախալի է», -ասաց պարոն Բլիկյանը։
«Երեխաներն այստեղ սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում, որոնք ապագայի ամենապահանջված մասնագիտություններից են», ասում է «Արմաթ» ծրագրի ղեկավար  Սեդրակ Վարդանյանը և պատասխանում շատերի կողմից հնչող հարցին, թե՞ որ տարիքի երեխաները կարող են հաճախել կենտրոն. «10 տարեկանից մինչև 99 տարեկանները կարող են հաճախել կենտրոն և սովորել ժամանակի ամենապահանջված մասնագիտությունները»։
 
Միջոցառմանը մասնակցում էին հայ և վրացի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ով նշեց, որ նմանօրինակ կրթական կենտրոնների բացումը համազգային նշանակություն և կարևորություն ունեն, քանի որ շատ կարևոր է տեղի պատանիների համար ստեղծել տեղում կրթվելու և աշխատելու հավելյալ հնարավորություններ։ «Մարդիկ այստեղից չպետք է արտագաղթեն կրթության ու աշխատանքի հնարավարություն չունենալու պատճառով, հակառակը պետք է մնան տեղում սովորեն, աշխատեն և ծաղկեցնեն շրջանը», -ասաց պարոն Սադոյանը։ 
Ներկա էին նաև Ծալկայի  փոխքաղաքապետեր  Անզոր Խինիկաձեն և Ֆեուխար Պարասկևովը, ովքեր հայտնեցին կենտրոնի բացման հետ կապված իրենց ուրախությունն ու ոգևորությունը, ինչպես նաև Ծալկայի քաղաքապետի անունից հայտարարեցին, որ ցանկանում են նմանատիպ կենտրոն ունենալ նաև Ծալկա քաղաքում։
 
Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ: 
Գոռ Սիմոնյանը հենց այն երիտասարդներից մեկն է, ով հնարավորություն ունի մնալ և աշխատել հայրենի գյուղում. «Երեխաների մոտ սերը դեպի ժամանակակից տեխնոլոգիաները և նմանատիպ նորարարկան դասապրոցեսների մասնակցելը շատ մեծ է և գնալով ավելի է մեծանում։ Տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոնում երեխաները կտրվում են դասապրոցեսի ավանդական պատկերացումներից և կարող են գնալ իրենց երևակայության ետևից և իրենց բոլոր գաղափարներին տալ գույն, միտք ու ծավալ։ Երեխաների հետ ոչ այնքան ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ եմ, որքան ընկերական։ Եվ իմ գիտելիքներով կենտրոն հաճախող երեխաներին փորձելու եմ օգնել կյանքի կոչել բոլոր այն գաղափարները, որ մինչ այս ունեցել են», -նշում է կենտրոնի երիտասարդ խմբավար Գոռ Սիմոնյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն