ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ․ Արցախի ԱԺ

ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ․ Արցախի ԱԺ

  • 24-05-2022 20:08:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:
 
Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
 
Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
 
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
 
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
 
Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:
 
ք. Ստեփանակերտ
 
24 մայիսի, 2022թ.                                                                                                                       
 
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
 
«Արդարություն»
 
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
 
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Մեդիա կենտրոն
04-07-2022 11:00 | Ասուլիս

Մեդիա կենտրոն

Մեդիա կենտրոն
04-07-2022 13:00 | Քննարկում

Մեդիա կենտրոն

Sputnik Արմենիա
04-07-2022 15:00 | Տեսակամուրջ

Sputnik Արմենիա