Երևանում չնախատեսված տեղում աղբ նետելու տուգանքը 10 անգամ կբարձրացվի. հավաքարարների կարծիքով՝ դա ևս խնդրի լուծում չէ


Երևանում չնախատեսված տեղում աղբ նետելու տուգանքը 10 անգամ կբարձրացվի. հավաքարարների կարծիքով՝ դա ևս խնդրի լուծում չէ

  • 24-05-2022 20:14:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է ՀՀ կառավարությանը առաջարկել 10 անգամ բարձրացնել աղբը չնախատեսված տեղում նետելու համար տուգանքը՝ 5 հազար դրամից դարձնելով 50 հազար դրամ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ մինչեւ հաջորդ հինգշաբթի առաջարկը կներկայացնեն:
 
Սարգսյանը նաեւ արձանագրել է, որ Երեւանում աղբի տեսակավորման կետերը քիչ են, իսկ եղածների արդյունավետությունը՝ ցածր. «Նոր աղբամանների ձեռքբերման համար մրցույթ է հայտարարվել։ Պիլոտային նախագծով ամբողջ Դավիթաշեն վարչական շրջանում աղբի տեսակավորում կիրականացվի»:
 
Ինչպես գիտենք, 2019 թվականի օգոստոսի վերջից Երեւանում աղբահանության եւ սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրված է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքը փոքրիշատե կարողացել է լուծել աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով վիճակը գոհացուցիչ չէ: Այն, որ մայրաքաղաքում աղբը տիրել է, եւ սանմաքրումն էլ խնդիր է, խոստովանում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները:
 
Առկա խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով մեկ ամիս առաջ էլ Երեւանի ավագանին հաստատել էր ԵԱՍՄ-ի հավաքարարների կազմը եւս 200 հոգով համալրելու մասին նախագիծը: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն էլ նշել էր՝ աղտոտված տարածքները շատ են, եւ, բնականաբար, եղած ռեսուրսները լիարժեք չեն բավարարում, որպեսզի այդ ամբողջ ծավալն ապահովեն ու պատշաճ կերպով մաքրությունն իրականացնեն: Երեւանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա եւս 200-ով:
 
Իսկ ահա «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքարարներից մի քանիսի համոզմամբ՝ որքան էլ հավաքարարների թիվն ավելացվի, Երեւանի քաղաքապետարանն ինչ էլ անի, ցանկալի արդյունք չի լինի, քանի դեռ քաղաքացիներն իրենք չեն եկել այն գիտակցմանը, որ չնախատեսված վայրերում աղբ նետել չի կարելի:
 
ԵԱՍՄ հիմնարկի հավաքարարներից Գոհար Հայրիկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ արդեն երկու տարի է՝ զբաղվում է քաղաքի մաքրությամբ: Վերջինիս խոսքով՝ ժամանակի ընթացքում քաղաքացիներն ավելի անմաքուր վարքագիծ են սկսել դրսեւորել:
 
Ըստ նրա՝ շատ տեղերում, եթե անգամ աղբամանը մի քանի քայլ է հեռու գտնվում, միեւնույն է, բնակիչները տան աղբը լցնում և տոպրակներով թողնում են շենքի մոտ: «Պամպերս, ուտելիքի նեխած մնացորդներ, ինչ ասես, որ չես տեսնի շենքերի բակում շպրտած: Ալարում են երկու քայլ անեն, դնում են ուր պատահի, միայն թե իրենց տնից դուրս հանեն աղբը: Մի անգամ էլ ոսկորը վերեւից գլխիս խփեցին»,- պատմում է 66-ամյա աշխատակցուհին:
 
Չնայած այս ամենին՝ տիկին Գոհարն իր աշխատանքից դժգոհ չէ, ասում է՝ աշխատավարձն այնքան էլ բարձր չէ (150 հազար), սակայն կարողանում է քիչ թե շատ բավականացնել: Աշխատում է առավոտյան ժամը 08:00-ից մինչեւ 16:30-ը, շաբաթվա մեջ մեկ օր էլ հանգիստ ունի:
 
20-ամյա Վահրամն էլ նախընտրում է բնակիչների թափթփվածության մասին շատ չխոսել: Երիտասարդը գրեթե երկու տարվա փորձառություն ունի քաղաքը մաքրելու գործում: Ասում է՝ ամենադժվարը աշնանն աշխատելն է, երբ տերեւաթափ է: Վերջինս պատմում է, որ ֆինանսական խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով որոշել է աշխատել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: 
 
20-ամյա տղան նշում է՝ այնուամենայնիվ, դժգոհ չէ, երբեմն հոգնում է, երբեմն՝ ոչ, սակայն դեռ կշարունակի աշխատել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը