ԵԱ-Երևան. Մրցումային երրորդ օրն Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ


ԵԱ-Երևան. Մրցումային երրորդ օրն Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

  • 25-05-2022 10:15:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ունի երեք բռնցքամարտիկ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության երրորդ օրն իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով կմրցի Գերմանիայից Քևին Շումանի հետ: Այդ մենամարտը կկայանա ցերեկային շրջափուլում` մեկնարկը 14:00-ից:
 
Առաջին շրջափուլում` 14:00-ից սկսած իր առաջին մենամարտը կանցկացնի նաև Ռաֆայել Հարությունյանը, ով կփորձի գերազանցել բուլղար Քրիստիան Ստեֆանով- Դմիտրովին:
 
Եվ երեկոյան մրցահերթում` 18:00-ից սկսած, առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը:
 
Մինչ այս կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս են մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ է տոնել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
 
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին. այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի  մարզիկներ: Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ին, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները: Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին: Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play