Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում. ՀՀ վարչապետ


Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում. ՀՀ վարչապետ

  • 25-05-2022 17:19:11   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելյան հանդիպմանը և Շառլ Միշելի հայտարարությանը: 
 
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել են և աջակցել են այդ բանակցությունները, և Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որ դրված են  ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: 
«Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը:  
 
Բրյուսելում, բնականաբար, Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Ինչպիսի՞ն են այդ տարբերությունները` դրանք արտահայտված են հրապարակայնորեն. Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ: 
 
Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, դուք գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգը, ու ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Ուզում եմ հիշեցնել, որ մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: 
 
Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որ իր կարծիքով` հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանո՞վ է դա ստացվել և ինչքանո՞վ է ճշգրիտ, դա այլ քննարկման հարց է,  այլ բան որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները մենք արտահայտել ենք և դրանցում որևէ փոփոխություն չկա, և մենք շարունակելու ենք հետևողական գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական