Մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ ՀՀ—ում դե յուրե գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ. Փաշինյան

Մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ ՀՀ—ում դե յուրե գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ. Փաշինյան

  • 25-05-2022 17:51:41   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անկլավների վերաբերյալ շահարկումներին: 
 
Ըստ Փաշինյանի`այդ հարցը ծագեց այն  ժամանակ, երբ Բրյուսելի հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ ասվում էր «Ադրբեջանի և Ադրբեջանի միջև հաղորդակցություն» և «Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն»:  
 
«Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքը, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը նաև կարող է դե յուրե ստեղծել հնարավորություն ավտոմոբիլային հաղորդակցության համար: Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ մենք ունենք Հայաստանի տարածքով Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը այդ մասին է: 
 
Այդպիսի հարց չի քննարկվել Բրյուսելում, բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանը անկլավների հարցը ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է, և մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք նախ ասել ենք, որ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ, և ասել ենք, որ մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ Հայաստանի Հանարապետությունում դե յուրե գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 
 
Նա հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները գիտեն իրավիճակի բոլոր նրբություններն ու բարդությունները, որոնց հետ կառավարության անդամներն առերեսվել են ու առերեսվում են, և հորդորեց` հարցերը լրացուցիչ դրամատիզացնելու կարիք չկա, առանց այն էլ ամենը դրամատիկ է:
 
«Այո', կա այդպիսի հարց, և Ադրբեջանը այն բարձրացնում է, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում, և էլի եմ ուզում ասել, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել,  առավել ևս Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել: Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունն այդ մասին իրազեկված կլինի պատշաճ ձևով: Սա շատ կարևոր սկզբունք է, առանց այն էլ դրամատիկ վիճակը էլ ավելի դրամատիզացնելը քաղաքական նպատակներով լավ պրակտիկա չէ: Մենք պետք է այդ իրավիճակի հետ առնչվենք ու իրականության աչքերին նայենք»,- հայտարարեց Փաշինյանը: 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական