ԵՄ-ն պատրաստ է մեծացնել աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումներին. Տոյվո Կլաար


ԵՄ-ն պատրաստ է մեծացնել աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումներին. Տոյվո Կլաար

  • 26-05-2022 16:24:17   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵՄ-ն պատրաստ է մեծացնել աջակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատման միջոցներին։ Այս մասին ադբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, փոխանցում է Factor.am-ը։
 
Նա հիշեցրել է՝ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպումը երրորդն էր 2021 թվականի դեկտեմբերից ի վեր։
 
«Ինչպես Եվրոպական միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելն է նշել արդյունքներից հետո՝ այս հանդիպումը թույլ է տվել մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակում ունենալ օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հաստատակամ հավատարմությունն այս ձևաչափին։ Առաջիկա շաբաթների ընթացքում շատ աշխատանք կա անելու, մինչև առաջնորդները կրկին կհանդիպեն այս ամառ՝ մեկ այլ եռակողմ հանդիպման համար»,- ասել է Կլաարը։
 
Նա հավելել է, որ մայիսի 22-ին մի շարք կոնկրետ արդյունքների են հասել, մասնավորապես, կապված մայիսի 24-ին միջպետական ​​սահմանին Ադրբեջանի և Հայաստանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստի կազմակերպման վերաբերյալ։
 
Բացի այդ, պայմանավորավածություններ են ձեռք բերվել՝ կապված Ադրբեջանի և Նախիջևանի, ինրպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի տրանսպորտի տարանցումը կարգավորող սկզբունքների վերաբերյալ։
 
«Դիտարկելով ձեռք բերված առաջընթացը՝ ես հաստատապես հավատում եմ, որ առաջնորդները կիսում են Հարավային Կովկասում կայուն խաղաղության տեսլականը։ Բրյուսելում հանդիպումները կարևոր տարր են, որոնք օգնում են կողմերի մերձեցման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել»,- ասել է Կլաարը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ հանդիպումներին զուգահեռ՝ նաև կողմերը քայլեր ձեռնարկեն բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու համար։
 
«ԵՄ-ն ողջունել է ապրիլի 13-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը թշնամության էջը շրջելու և հակամարտությունից տուժած ամբողջ բնակչության համար անվտանգ ու դրական ապագա ապահովելու մասին։ Կարծում եմ՝ դեռ շատ ավելին է պետք և կարելի է անել, սակայն գտնում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու կտեսնենք առավել կոնկրետ պայմանավորվածություններ այդ ոլորտում»,- ասել է Կլաարը՝ նշելով․ «Բացի բրյուսելյան ձևաչափից՝ կան այլ կողմեր, այլ խաղացողներ, որոնք օգնում են գտնել երկու կողմերի համար ընդունելի համապարփակ լուծում։ Մենք բոլորս ելնում ենք 2020 թվականի նոյեմբերի հրադադարի հայտարարության մեջ Ռուսաստանի միջնորդությամբ սահմանված պայմաններից։ Եվ ես նախկինում ասել եմ, որ Մոսկվայում և Սոչիում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները նույն ուղղությամբ են, ինչ մենք։ Մեր ջանքերը միմյանց բացառող չեն, այլ ճիշտ հակառակը»։
 
Նա նշել է, որ, ցավոք, դեռ լսվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում լարվածության թուլացմանը։ Կլաարի կարծիքով՝ բնակչությանը կարևոր է  պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության և ապահովել, որ բոլոր տեղահանվածների վերադարձի համար պայմաններն իրականացվեն։ ԵՄ պաշտոնյան ասել է, որ այս համատեքստում ակնկալում են ավելի սերտ համագործակցություն հումանիտար հարցերի և կոնկրետ մարդասիրական նախաձեռնությունների շուրջ մոտ ապագայում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը