Ընդդիմությունն առաջարկում է Արցախի մասին ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել արտահերթ նիստին


Ընդդիմությունն առաջարկում է Արցախի մասին ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել արտահերթ նիստին

  • 26-05-2022 17:19:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, փողոցում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը նաև այս ձևակերպմամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ ընդունելու համար նախաձեռնում է արտահերթ նիստ։
 
«Այս հայտարարության հիմնական նպատակը պարզություն մտցնելն է` ի վերջո մենք գնում ենք մեր շահերը պաշտպանելո՞ւ, թե՞ սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Եթե այդ հայտարարությունը չեն ընդունում, նշանակում է` սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սա կոչվում է экзамен на вшивость, թարգմանաբար` «ոչլոտության ստուգում», որպեսզի հասկանանք` լակմուսի թուղթ է ի վերջո», - «Ազատության» փոխանցմամբ՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
 
Ընդդիմադիր երկու խմբակցությունների հեղինակած նախագիծը արդեն շրջանառության մեջ է, արտահերթն էլ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հունիսի 3-ին են ուզում հրավիրել։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» չեն հստակեցնում՝ արտահերթին ընդհանրապես կմասնակցեն ու կողմ կքվեարկեն այս ձևակերպումներին։
 
Տևական ժամանակ է` ընդդիմությունը իշխանությունից պահանջում է հենց այս հայտարարությունը, որ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։
 
«Դա դեռ չի նշանակում, որ իրենք այդպիսի հայտարարությամբ են գալու, որովհետև ընդդիմությունը մի բան ասում է, 5 րոպե հետո ուրիշ բան է ասում: Դրա համար թող գան, նոր կհասկանանք, մենք արդեն ֆիքսել ենք չէ՞, որ մենք տարբեր իրականություններում ենք ապրում: Դրա համար թող մի հատ այն իրականությունից գա այս իրականություն, մենք տեսնենք ու կարձագանքենք», - նշեց իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
 
Ծովինար Վարդանյանն էլ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանի «տղա են, թող գան» արտահայտությանը։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը այս ձևակերպմամբ իշխանությանը հրավիրել էր իրենց նախաձեռնած արտահերթին. «Նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե այդպես տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում և այդ թվում` այն օրը, երբ ծափողջյուններով «Քաղաքացիական պայմանագիրը» ճանապարհեց իրենց ընկերներին, այսինքն` իրենց ընկերները որոշեցին լքել դահլիճը, եկել էին ինչ-որ բուռն գործունեություն ծավալելու հերթական անգամ, որտե՞ղ էր Իշխան Սաղաթելյանը»:
 
Իշխանությունից Վլադիմիր Վարդանյանն այսօր հետաքրքրվում էր. «Ի վերջո սա կարելի է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, դա ընդդիմադիրների պարտականությունն է` լինել նիստերին»:
 
«Կամայականության և կամակորության լեզվով չի կարելի խոսել քաղաքական թիմի հետ, իշխող կուսակցության մանավանդ, և ասել, որ մենք մեր օրակարգով կգանք միայն: Գոյություն ունեն օրակարգեր, որոնք այսօր երկրի համար կարևոր են, այդ օրակարգերով Ազգային ժողովն առաջ է շարժվում, և այո զուգահեռ իրականությունից պետք է վերադառնալ իրականություն և գալ այստեղ, ոչ թե փորձել ինչ-որ տղայական մակարդակի տանել այդ խոսակցությունը, մանավանդ եթե այդտեղ բոբիկ ես», - հավելեց Ծովինար Վարդանյանը:
 
«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Մենք կկորցնենք ամեն ինչ, եթե չենք պաշտպանելու մեր գոյության, լինելիության իրավունքը այս տարածաշրջանում, և Արցախի, թե Հայաստանի հարցերի հետ կապված խնդիրները չենք լուծելու: Մնացածը երկրորդական է: Սա է մեր ասածը, հիմա ասում ենք` նախ սա լուծենք, մեր լինելիության հարցը ճշտենք, մեր ապագայի հարցերը ճշտենք, երաշխավորենք, նոր զբաղվենք մնացած երկրորդական, երրորդական հարցերով: Այսինքն` առաջնահերթ հարցեր կան, առաջնահերթ հարցերը եթե չլուծենք, իմաստը ո՞րն է մնացած բաներով զբաղվելու»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը