Զոհված տղաների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա իրականացրին ԲԴԽ-ի շենքի մոտ


Զոհված տղաների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա իրականացրին ԲԴԽ-ի շենքի մոտ

  • 26-05-2022 17:48:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը դատարանի որոշմամբ անցկացվելու է դռնփակ։ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն այսօր` մայիսի 26-ին, բողոքի ակցիա իրականացրին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ` պահանջելով, որ Վերաքննիչ դատարանը դատական նիստերը դռնբաց անցկացնի, որպեսզի հնարավորություն տրվի տուժող կողմին (ծնողներին) և լրատվամիջոցներին մասնակցել նիստերին։ Այս մասին տեղեկանում ենք «5165» շարժումից: 
 
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին ԲԴԽ-ից առաջարկեցին հինգ հոգով բարձրանալ վերև, բայց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները չհամաձայնեցին։ Զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը,  ոստիկաններին ասաց փոխանցել, որ չեն համաձայնվում այդ առաջարկին, չեն բարձրանում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մոտ 5 հոգով։
 
«Ինքը պետք է իջնի կամ մենք բոլորս պետք է բարձրանանք վերև։ Գլխավոր դատախազը օրեր առաջ մեր բողոքի ակցիայի ժամանակ իջավ, իր չիներն այդքան բա՞րձր են, որ չի իջնում։ Թող իջնի, թե՞ երես չունեն, որ ողջ հանրապետությունը տեսնի, թե ինչպես են պատասխանում ծնողներին։ Եթե համարձակություն ունենային, կիջնեին։ Կարծում եմ՝ իրենց համար պետք է պատիվ լիներ իջնել ու մեզ հետ հանդիպելը, նախ և առաջ մենք ենք վճարում իրենց աշխատավարձերը մեր հարկերից, նաև այստեղ հավաքված ծնողները տվել են իրենց զավակներին, որպեսզի իրենք այսպես թանկ-թանկ սենյակներում նստեն ու շատ վատ կառավարեն, կեղծեն, ողջ դատական համակարգը ուզուրպացնեն։ Ի՞նչ ունեն մեզանից վախենալու։ Եթե վախենալու բան չունեն, պետք է իջնեն»,- ասաց Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ նրանց չիջնելը համարում է վախկոտության դրսևորում  կամ չափազանց մեծ հպարտության։
 
Քննարկումներից հետո ծնողներին առաջարկվեց առանց լրագրողների 30 հոգով բարձրանալ և հանդիպել Գագիկ Ջհանգիրյանին, ծնողները բարձրացան։ Հանդիպումից հետո Կարին Տոնոյանը նշեց․
 
«Մեր բոլոր բողոքներին տրվեցին պատասխաններ բացարձակապես օրենքի կիրառելիության մակարդակում: Ասացին, որ  ինքը չի կարող ուղղակի ասել՝ դռնբաց անցկացրեք դատական նիստերը: Ասվեց, որ ոչ թե մենք պետք է ներկայացնեք, այլ պարոն Արծվիկ Մինասյանը որպես բողոքող կողմ և փաստաբանը: Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ միջնորդությունը։ Մեզ փաստացի ասվեց, որ եթե մեր պահանջը բավարարված չլինի միջնորդություն ներկայացնելուց հետո, կգաք և նորից կհանդիպենք: Հույս ունեմ, որ այստեղ ենթատեքստ կար, որ այնուամենայնիվ հաշվի կառնվեն մեր պահանջները, մեր դիտարկումները, որ առերևույթ դատավորը տրամադրվածություն չունի ծնողներին քիչ թե շատ ընդառաջ գնալու: Կարծում եմ՝ այսօրվա մեր գործողությունները կթողնեն  իրենց դրական հետեւանքը եւ մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք»,-ասաց Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում իրենք նորից կգնան ԲԴԽ-ի մոտ և արդեն կստիպեն կամ կպահանջեն, որ կատարվի իրենց պահանջը:
 
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 2021թ. հունիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
 
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի  ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր բողոքը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն