Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հեռահար հրթիռային համակարգեր․ CNN
27-05-2022 13:45:37 | Ուկրաինա | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել զենքի նոր խմբաքանակ՝ ներառյալ ժամանակակից բազմակի արձակման հեռահար հրթիռային համակարգերը (MLRS): Lragir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի այլ քաղաքական գործիչներ խոսել են նման զենքի անհրաժեշտության մասին։ Նրանց կարծիքով՝ հենց այս համակարգերը կարող են փոխել «պատերազմի ընթացքը»։
Բայդենի վարչակազմը հակված է (MLRS – խմբ.) համակարգեր տրամադրելուն՝ որպես Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնված փաթեթի մաս, որի մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ», հայտնում է CNN-ը։
Ուկրաինայի կողմից պահանջվող մեկ այլ համակարգ է HIMARS հրետանային հրթիռային համակարգը, որը կարող է կրակել նույն տեսակի զինամթերքից, ինչ MLRS-ը: Ամերիկյան այս զենքերը գերազանցում են ռուսական նման համակարգերը հեռահարությամբ ու ճշգրտությամբ։