Կարեւոր արձանագրում ԱՄՆ Կոնգրեսում, Արցախի վերաբերյալ


Կարեւոր արձանագրում ԱՄՆ Կոնգրեսում, Արցախի վերաբերյալ

  • 27-05-2022 16:37:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է.
 
«Ես ոգեւորված եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում, բայց մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ նրա չհրահրված ագրեսիայի համար», Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
 
«Չհրահրված ագրեսիան» ներկայում միջազգային քաղաքական բառապաշարի կարեւոր տարրն է․ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը միջազգային հանրության կողմից գնահատվել է որպես չհրահրված, թեեւ Ռուսաստանը փորձում է ինչ որ հիմնավորումներ բերել իր «հատուկ գործողությունն» արդարացնելու համար։ Ավելին, ռուսական այդ հիմնավորումները՝ մասսայական ոչնչացման զենքի հավանական կիրառում, ցեղասպանություն եւ այլն, ներկայում շրջվել են իր դեմ։
 
Մոսկվան, Բաքուն եւ Հայաստանի ռուսանպաստ հոծ ագենտուրան միատեսակ հիմնավորումներով փորձում են արդարացնել Հայաստանի դեմ Արցախում ագրեսիան։ Սակայն դրանք նույնպես շրջվել են ագրեսիայի կողմերի՝ Մոսկվայի ու Բաքվի դեմ․ այդ «հիմնավորումներն» ընդամենը մատնում են Հայաստանի դեմ հայերի երաշխավորված պարտությամբ պլանն իր մանրամասներով։ Ընդ որում, Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Մոսկվայի ու Բաքվի մեթոդներն ու ոճը նույնական են, ինչը պատահական չէ։
 
Ռուսաստանը բնականաբար չի դատապարտել ագրեսիան եւ դրա արդյունքներով ոգեւորությամբ «ավետել է», որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Այսինքն, ճանաչել է իր դերն ու մասնակցությունն ագրեսիային։
 
ԱՄՆ Կոնգրեսում կարեւոր արձանագրում է կատարվել։ Անպտուղ «բանավեճերի» ու պրիմիտիվ կարգախոսների փոխարեն հայկական լոբբիստական կազմակերպություններն ու հայկական քաղաքական դասը կարող են օգտագործել այն՝ Արցախի հարցը անվտանգային եւ իրավական ակտուալ ու միջազգային հանրությանը հասկանալի հարթություն տեղափոխելու համար՝ դեօկուպացիայի ու կարգավիճակի հարցերը վերադարձնելով բանակցային սեղանին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը