Փոքր Սյունիքը՝ մեծ աշխարհաքաղաքականության կենտրոնում


Փոքր Սյունիքը՝ մեծ աշխարհաքաղաքականության կենտրոնում

  • 31-05-2022 16:06:57   | Հայաստան  |  Վերլուծություն

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի՝ «Փոքր Սյունիքը՝ մեծ աշխարհաքաղաքականության կենտրոնում» վերտառությամբ հոդվածը
 
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ ոչ միայն տապալեց 1994թ․-ից ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հաստատված բազմամյա ստատուս-քվոն, այլև ձևավորեց միանգամայն նոր ստատուս-քվո Հարավային Կովկասի միջազգային շահառու խաղացողների միջև՝ դառնալով նրա յուրօրինակ ելակետը։ Ելնելով նախորդ տարվա մի շարք իրադարձություններից՝ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանը դեռևս շատ հեռու է ուժերի վերջնական դասավորության ձևավորումից։ Հարավային Կովկասի ճանաչված պետությունների, էլ չասած չճանաչված պետությունների, տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին, այլ խոշոր ոչ տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումներն ընդհանրապես անկայուն են և հեռու վերջնական կազմավորում լինելուց։
 
Դառնալով տարածաշրջանային նոր, բավական փխրուն ստատուս-քվոյի ձևավորման ելակետ՝ 44-օրյա պատերազմը սկիզբ դրեց հայկական Սյունիքում առաջին հայացքից ոչ հիշարժան, բայց առանց չափազանցության համաշխարհային նշանակություն ունեցող աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական կոմբինացիաների ձևավորմանը։ Հայկական Սյունիքում այսօր սերտորեն միահյուսվել են միջազգային մասշտաբի և համաշխարհային նշանակության աշխարհատնտեսությունը և աշխարհաքաղաքականությունը։ Հայաստանը՝ ընդհանուր առմամբ, և Սյունիքը՝ մասնավորապես, մշտապես ներկայացնում էին «պոտենցիալ» թյուրքական աշխարհում խրված սեպ։ Բայց այսօր Թուրքիայի և նրա «արբանյակ» Ադրբեջանի աչքում այս սեպը ձեռք է բերել «թարախակույտի» տեսք, որը Հայաստանի այս երկու հարևանները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են եթե ոչ հեռացնել, ապա գոնե տեղայնացնել՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով։ 
 
ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 
Եվ այսպես, մի շարք հանգամանքների բերումով այսօր հնարավոր է դառնում արձանագրել աշխարհատնտեսական շեշտադրումը միասնական պանթուրանական տարածության ստեղծման՝ էրդողանական Թուրքիայի ինտեգրացիոն ծրագրի իրականացման գործընթացում։ Տարածություն, որն ընդգրկում է Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան՝ Պովոլժիեի, Ուրալի և Հարավային Սիբիրի թյուրքաբնակ շրջաններում ընդլայնման հեռանկարով։ Վերջինս, ըստ ամենայնի, նախատեսում է հասնել անջատողական տրամադրությունների և հիբիդային հրահրմամբ՝ տարածաշրջանային պոստմոդեռնիստական սեպարատիզմի ՌԴ տարբեր սուբյեկտներում։ Այլ կերպ ասած՝ խոսքը վերաբերում է ՌԴ-ին աշխարհառազմավարական վնաս հասցնելու թուրքական քաղաքականությանը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև հենց Ռուսաստանի տարածքում։ Եվ այստեղ սկզբունքորեն կարևոր է ընդգծել, որ այս ամենն արդեն փաստացի իրականացվում է Անկարայի կողմից ոչ ռազմական մեթոդներով՝ գեոէկոնոմիկ տարածքում մանրամասն ծրագրված օպերացիայի ռազմավարության շրջանակներում՝ օգտագործելով բարձր աշխարհատնտեսական տեխնոլոգիաներ՝ մրցակցի ուժերը տնտեսական ճանապարհով չեզոքացնելու կամ վնասելու ռազմավարությամբ։ Անկարայի նման ռազմավարության անբաժանելի, բաղկացուցիչ մասը Կենտրոնական Ասիայի պետությունների շուկաներում սեփական ազդեցության ուժեղացումն է, նոր շուկաների յուրացումը Made in Turkiye ապրանքանիշի անվամբ արտադրվող արտադրանքի համար:
 
Այստեղ կարևոր է նշել, որ փորձելով իրականացնել թուրք ազգայնականների վաղեմի երազանքը՝ Մեծ Թուրանը, Էրդողանն օգտագործում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները Թուրանի ողջ տարածքում Թուրքիայի աշխարհատնտեսական էքսպանսիային հասնելու համար։ Դրանց թվում են ժամանակակից աշխարհատնտեսական պատերազմների մասշտաբային մարտահրավերները, պոպուլիստական հեղափոխությունների մշակման նորարարական-զարգացող քաղտեխնոլոգիաները։ Վերջին սերնդի աշխարհատնտեսական պատերազմներում մրցակիցների դիրքերը խաթարվում են տեխնոգեն հյուծման մեթոդով (նորարարությունների պաշտամունք, տեխնոլոգիական հեղափոխություններ), որոնք ոչնչացնում են բավականին կենսունակ արտադրական կառույցները՝ հօգուտ նորերի: Տեխնոգեն հյուծումն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մրցակիցների ռեսուրսների չեզոքացման կամ քայքայման գործիք է։ 
 
Նշենք, որ թուրքական աշխարհատնտեսական մոբիլիզացիայի վտանգը, որի հիմքում ընկած է ազգային անվտանգության, աշխարհաքաղաքական շահերի ոչնչացման հիբրիդային գործիքակազմը, բոլորովին չի սահմանափակվում ռուսական ուղղությամբ։ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը, բնականաբար, այս պրոյեկցիայի մաս է կազմում։ Սյունիքի մարզի տարածքով իր համար միջանցք ճեղքելու Անկարայի ցանկությունը լրացուցիչ կարևորություն է տալիս Հայաստանի ակամա մասնակցությանը «սուլթանի նկրտումներով պաշարված» Էրդողանի ծրագրերին։
 
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ
 
Հայաստանի տարածքով «Արևելք-Արևմուտք» միջանցքի կառուցման թուրքական հավակնությունների կարևորագույն հակակշիռը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծն է։ Բայց այստեղ ևս մի շարք հակասություններ կան հիմնական շահագրգիռ կողմերի միջև։ Այսպիսով, ռուսական տեսլականի համաձայն՝ «Հյուսիս-Հարավ»-ը Սանկտ Պետերբուրգից Մումբայ մուլտիմոդալ երթուղի է 7200 կիլոմետր երկարությամբ, որն այլընտրանք է Եվրոպայի, Պարսից Ծոցի երկրների և Հնդկական օվկիանոսի միջև ծովային ճանապարհին Սուեզի ջրանցքով։ ՄՏՄ-ի հիմնական առավելությունը փոխադրման հեռավորության կրճատումն է երկու և ավելի անգամ, ինչպես նաև բեռնարկղերի փոխադրման արժեքի նվազումը ծովով փոխադրման արժեքի համեմատ։ 
 
Եվրասիական զարգացման բանկի կողմից 2021թ․ նոյեմբերի 30-ին հրապարակված «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի տրանսպորտային հիմքի ստեղծումը», «ներկայումս շինարարության ավարտական փուլում գտնվող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքը, որը Հայաստանը պետք է կապի Իրանի հետ, կարող է համալրվել Քվեշեթի-Կոբի՝ նոր 23 կիլոմետրանոց հատվածով, այդ թվում՝ 10 կիլոմետրանոց թունելով Վրաստանի տարածքում։ Որպես Ռուսաստանից Վրաստանը բաժանող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի ուղղությամբ գոյություն ունեցող ճանապարհին փոխարինող՝ թունելը Հայաստանի համար տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունների զարգացման նոր հեռանկարներ կբացի։ Նշվում է նաև, որ Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ին միանալու շնորհիվ:
 
Ընդհանուր առմամբ, Մոսկվան պարբերաբար մատնանշում է Իրանի, վերջերս նաև Հնդկաստանի աջակցության մասին «Հյուսիս-Հարավ» նախաձեռնությանը: Հոկտեմբերին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների գլխավոր թեման դարձավ տվյալ մասշտաբային նախագծում Հայաստանի մասնակցությունը: Սակայն, եթե Նյու Դելիում դիտարկում են ռուսական տարածքով «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի անցնելու հնարավորությունը, ապա այդ մասին հայտարարություններ չեն հնչեցնում: 
 
Դեռևս 2021թ․ մարտին Իրանում Հնդկաստանի դեսպան Գադդամ Դհարմենդրան նկատել էր, որ Հայաստանի միացումը «Հյուսիս-Հարավ» նախագծին կարող է իրականացվել իրանական Չաբախար նավահանգստի միջոցով։ Այս նախագծի իրականացման դեպքում Հնդկաստանը հիանալի հնարավորություններ կստանա տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու համար՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով ստանալով հնարավորինս կարճ ճանապարհ դեպի Սևծովյան ափի նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա։ Այնուամենայնիվ, Մոսկվայի՝ ՄՏՄ-ին միացման հույսերի իրագործման հաջողությունը կախված է նաև Վրաստանի համաձայնությունից՝ շարունակել «միջանցքը» դեպի Ռուսաստան, այլ ոչ թե այն փակել սեփական Սևծովյան նավահանգիստներում: Պարզ է, որ ՄՏՄ-ի անցումը Ռուսաստանի տարածքով հետ կպահի Սև ծովի վրացական նավահանգիստները, առաջին հերթին՝ բավականին մեծ ներուժ ունեցող Անակլիա նավահանգիստը: 
Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Իրանը: Այս պահի դրությամբ Ռուսաստանի հետ Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, իսկ իրանական ապրանքների փոխադրումը Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Հաշվի առնելով «Հյուսիս-Հարավ» նախագծում ներառված Հայաստանի տարածքով ինչպես Ռուսաստան, այնպես էլ Եվրոպա բեռների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման հեռանկարները՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն է ներկայացնում ոչ միայն Հնդկաստանի, այլև Իրանի համար։ 
Հասկանալի է, որ դեռևս կիսաշրջափակման վիճակում գտնվող Հայաստանը նույնպես մեծ հետաքրքրություն ունի «Հյուսիս-Հարավ» միջանցքի նկատմամբ։ Սակայն Հայաստանի միացումը ՄՏՄ-ին և նախագծի իրականացումը հնարավոր կդառնան միայն Հայաստանի տարածքում այդ միջանցքի մի հատվածի կառուցման ավարտից հետո։ 
 
Հյուսիս-Հարավ միջանցքի հայկական հատվածի (Մեղրի-Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) շինարարությունը փաստացի սկսվել է դեռևս 2014թ.: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ դոլար, ծրագրի իրականացման համար Հայաստանն Ասիական զարգացման բանկից ստացել է կես միլիարդ վարկ, ևս 150 միլիոն դոլար տրամադրել է Եվրասիական զարգացման բանկը, 60 միլիոն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկը: Միջանցքի շինարարությունը նախատեսվում էր ամբողջությամբ ավարտել 2019թ․, սակայն մինչ օրս նախագծի հինգ տրանշներից միայն առաջինն է ամբողջությամբ ավարտվել, վերակառուցվել են Երևանն Աշտարակի և Արտաշատի հետ կապող մայրուղու հատվածները։ Մնացած չորս տրանշները գտնվում են կամ անավարտ վիճակում, կամ նախագծման փուլում: Այսպիսով, պետք է արձանագրել, որ այս նախագծի իրականացման 7 տարիների ընթացքում կառուցվել է միայն ամենահեշտ հատվածը՝ տեղակայված Արարատյան հարթավայրում, «Հյուսիս-Հարավ» միջանցքում (նախնական նախահաշվի հսկայական գերազանցումներով)։ Մինչդեռ ամենածանր, թունելների և կամուրջների կառուցում պահանջող Գորիս-Կապան և Քաջարան-Մեղրի լեռնային տեղամասերի կառուցումը դեռևս մնում է թղթի վրա:  
 
Թուրքիան, վերը նկարագրված մի շարք պատճառներով, «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի իրականացման ակտիվ հակառակորդն է։ Պատճառներ, որոնց ավելանում են նոր հեռանկարներ, որոնք բոլոր հնարավորություններն ունեն իրականություն դառնալու այս նախագծի ավտոտրանսպորտային բաղադրիչի հաջող ներգրավման դեպքում։ Խոսքը երկաթուղային և էներգետիկ հաղորդակցությունների հաստատման հեռանկարների մասին է՝ Հայաստանի տարածքի միացմամբ։ Հասկանալի է՝ Անկարան ձգտում է ապահովել, որ իրանական գազը շարունակի հոսել դեպի Եվրոպա բացառապես թուրքական տարածքով։ Եվ այստեղ «Հյուսիս-Հարավ» միջանցքի էներգետիկ բաղադրիչի առումով Ռուսաստանի շահերը հակասության մեջ են մտնում մյուս մասնակիցների շահերի հետ։ Ռուսաստանն ավանդաբար հանդես է գալիս եվրոպական շուկայում ցանկացած գազային այլընտրանքի դեմ։ Այն նաև առավել ակտիվորեն կյանքի է կոչում «էներգետիկ մոնոպոլիզմի» քաղաքականությունը գազի՝ էականորեն բարձրացած գների պայմաններում։ Իրանն իր հերթին շահագրգռված է «Հյուսիս-Հարավ» նախագծի բոլոր բաղադրիչներով, հատկապես 44-օրյա պատերազմի արդյունքներով, սակայն դրա առաջխաղացման գործում հատուկ ձայն չունի: 
Առանձին հետազոտության թեմա է Չինաստանը, երկիր, որը հանդես է գալիս Եվրամիության շուկաների ուղղությամբ ցանկացած միջանցքի օգտին: Այս լույսի ներքո Պեկինը Հայաստանի Սյունիքի մարզով անցնում է ինչպես արևելքից դեպի արևմուտք միջանցքով, այնպես էլ հարավից դեպի հյուսիս միջանցքով։ Միանգամայն հասկանալի պատճառներով չինական շահերը մասամբ բախվում են ԱՄՆ-ի շահերին։ Մինչդեռ Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, շահագրգռված է Հարավային Կովկասում աշխարհատնտեսական նորություններով։ Միացյալ Թագավորությունը, որը պաշտոնապես ներկառուցված է Չինաստանին դիմակայելու ամերիկյան ռազմավարությունում, իրականում երկար ժամանակ սնուցում է Չինաստանի հետ արտոնյալ առևտրային գործընկերության գաղափարը: Այսպիսով, Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհատնտեսական պայմաններում այսօր ամեն ինչ շատ բարդ և հակասական է թվում։
 
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Գնահատելով Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը՝ նախ և առաջ պետք է անդրադառնալ Հայաստանի աշխարհագրական դիրքին՝ ընդհանրապես, և այս տարածաշրջանին՝ մասնավորապես։ Դեռևս 20-րդ դարի սկզբին Մուստաֆա Քեմալը Հայաստանը համեմատում էր Թուրքիան մյուս թյուրքալեզու ժողովուրդներից բաժանող պատի հետ։ Պատ, որը պետք է քանդվի, որպեսզի Թուրքիան ազատորեն շփվի եղբայրական կովկասյան թուրքերի հետ։ Աթաթուրքի հետնորդները, ի դեմս Ռեջեփ Էրդողանի, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հոր խոսքերին, անկասկած, ականջալուր են եղել, և որպես փլուզման գործընթացի սկիզբ՝ Ապշերոնից փոքր եղբայրների օգնությամբ 44-օրյա ագրեսիա նախաձեռնեցին Արցախի չճանաչված հանրապետության նկատմամբ, ինչով, իհարկե, էապես թուլացրեցին Հայաստանը։ Հենց այս պատերազմը, սկսած 2020թ․ նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից և Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ 9-րդ կետի ներառումից, որով նախատեսվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգության երաշխավորումը, պաշտոնապես Սյունիքը վերածել է առևտրի առարկայի ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ։
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՄԱՐՏԵՐԻՆ
 
Այստեղ հարկ է թվում կանգ առնել մեկ իրադարձության վրա, որի միջազգային արձագանքը մի շարք հարցեր առաջացրեց, որոնց պատասխանները, կարծես թե, թույլ են տալիս հանգել բավականին հետաքրքիր եզրակացությունների, մասնավորապես 2020թ․ նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ամենախոշոր ռազմական ագրեսիայի ակտի վերաբերյալ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինուժը հարձակվել է Սյունիքի մարզի Ծիծեռնաքար լեռան արևելյան ուղղությամբ գտնվող հայկական զինված ուժերի դիրքերի վրա։ Երկու կողմից բազմաթիվ զոհերով, հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ լոկալ մարտերը դադարել են նույն օրը ժամը 18:30-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջնորդությամբ: Ալիևյան ագրեսիայի այս հերթական ակտը, անկասկած, պայմանավորված էր Անկարայի և Բաքվի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշման հերթական փորձով՝ Հայաստանի Սյունիքի մարզով բաղձալի ցամաքային հաղորդակցությունը ձեռքբերելու ուղղությամբ ընթացող բանակցություններում հետագա զիջումներ ստանալու նպատակով, ավելի ճիշտ՝ Մեղրիով։ Սյունիքի վրա ադրբեջանական հարձակումը, ըստ որոշ տեղեկությունների, արդյունք էր այն բանի, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հրաժարվեց թուրք-ադրբեջանական տանդեմին հաղորդակցություն ապահովել Հայաստանի տարածքով հենց Սյունիքի մարզի Մեղրիի հատվածում։ Մինչդեռ Անկարան ու Բաքուն պատրաստ են «միջանցքին» հասնել ցանկացած միջոցներով ու ճանապարհներով։ Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հարձակումն այս պատրաստակամության հերթական դրսևորումն էր, քանի որ ագրեսիայի այս դրսևորումն այլ իրատեսական բացատրություն պարզապես չունի։
 
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել միջազգային հանրության արձագանքին, Հայաստանի դեմ Ալիևի ռեժիմի հերթական ագրեսիայի ակտին և այս առնչությամբ Երևանի կոչին։ Վերջինս 1997թ․ պայմանագրի շրջանակներում անմիջապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու և այն վերականգնելու կոչով։ Նույն օրը՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ղեկավարությունն ադրբեջանական ագրեսիայի մասին դիվանագիտական տարբեր ուղիներով տեղեկացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ին, այլև ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իրանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրամիությանը, Եվրոխորհրդին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կառույցների։ Տարօրինակ կերպով Հայաստանի կոչերի գրեթե բոլոր հասցեատերերը, ընդհանուր առմամբ, կոչ են արել և՛ Բաքվին, և՛ Երևանին զսպվածություն ցուցաբերել ու հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Հարկ է նաև ընդգծել, որ որոշ դեպքերում հակամարտող կողմերին կոչ է արվել «բացել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերը՝ համաձայն նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի և ապահովել կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև»։ Դրանից հետո ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, նոյեմբերի 18-ին Վիեննայում ելույթ ունենալով, միջազգային հանրության պասիվությունը որակեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը նպաստող գործոններից մեկը։
 
ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ
 
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների արձագանքը Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժմանը Հարավային Կովկասի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հայելային արտացոլումն է՝ ընդհանուր առմամբ, և Հայաստանի Սյունիքի մարզով անցնող միջանցքի շուրջ՝ մասնավորապես։ Հենց այս արձագանքի մեջ պետք է փնտրել մեր շատ հարցերի պատասխանները։ Թուրքիան նախկինի պես ՆԱՏՕ-ի անդամ է և իրականացնում է Դաշինքին անդամակցության շրջանակներում իրեն վերապահված բոլոր գործառույթներն ու պարտավորությունները: Հասկանալի պատճառներով նման միջանցքն այսօր չի բավարարում միայն ՆԱՏՕ-ից դուրս գտնվող Իրանին։ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստանալ ռուսական դաշինքի մեկ այլ հակառակորդի համաձայնությունը՝ Հայաստանի տարածքով «միջանցք» տրամադրել մի դեպքում, եթե ռուսական զորավարժությունները վերահսկողություն իրականացնեն դրա նկատմամբ, ինչպես ասված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նույն 9-րդ կետում։
 
Վերադառնանք կոնսենսուսի պատճառներին: Այստեղ պետք է հիշել, որ իր ստեղծման օրվանից՝ 1949թ․-ից, Հյուսիսատլանտյան դաշինքն անընդհատ մոտենում է ԽՍՀՄ սահմաններին, իսկ 1991թ․-ից հետո իր փլուզմամբ՝ Ռուսաստանի սահմաններին։ Ընդհանուր առմամբ, իր պատմության ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կազմն ընդլայնվել է յոթ անգամ, սակայն 2017թ․ Մոնտենեգրոյի դաշինքին միանալուց հետո ընդլայնումը դադարեց։ Այնուամենայնիվ, թվում է, թե ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման դադարեցումը բնավ խոչընդոտ չի հանդիսացել դրա առաջխաղացման փորձերի համար, սակայն արդեն ոչ թե ՌԴ արևմտյան սահմաններին, այլ Կենտրոնական Ասիայի երկրների՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ուղղությամբ, որոնցից երկուսը ՀԱՊԿ անդամ են։ Եվ ահա այստեղ անհրաժեշտ է հիշել այն մասին, որ 1952թ․ դառնալով ՆԱՏՕ-ի 13-րդ անդամը՝ հենց Թուրքիան էր Սառը պատերազմի ողջ շրջանում ՆԱՏՕ-ի ավանպոստը նրա արևելյան, ԽՍՀՄ-ին սահմանակից սահմանների վրա։ Թվում է, թե Խորհրդային Միության փլուզմամբ և Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան ոչ միայն չի դադարել կատարել այդ գործառույթները, այլև լրացուցիչ գործառույթներ է ձեռք բերել։
 
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԻՇԵԼ «ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ՄԱՍԻՆ
 
Ահա ժամանակն է հիշելու «Մեծ Թուրանը»՝ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, որի հիման վրա Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձեռնամուխ եղան մեծացնելու Թուրքիայի քաղաքական ազդեցությունն Օսմանյան կայսրության նախկին երկրներում։ Նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ութերորդ գագաթնաժողովում Էրդողանի կողմից Թյուրքական խորհուրդը հանդիսավոր կերպով վերանվանվել է Թյուրքական պետությունների կազմակերպություն (ԹՊԿ): Ներկայումս ԹՊԿ-ը ներառում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Հունգարիան և Թուրքմենստանը որպես դիտորդ մասնակցում են նրա գործունեությանը։ Ինքը՝ Էրդողանը, բազմիցս հայտարարել է, որ իր երազանքը «վեց պետության և մեկ ազգի առաջացումն է»։ Բայց նրա կոալիցիոն գործընկեր Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին էլ ավելի հեռուն գնաց և Ստամբուլում նույն թյուրքական գագաթնաժողովի արդյունքներով Էրդողանին ներկայացրեց «Թյուրքական աշխարհի քարտեզը», որն ամբողջությամբ կամ մասամբ ներառում էր 15 երկրների տարածքներ։ Այլ թուրք քաղաքական գործիչներ, նույնիսկ արտաքուստ ազգայնականությունից հեռու, նույն կերպ են մտածում։ Այսպիսով, թուրքական էքսպանսիոնիզմն աստիճանաբար սկսում է դրսևորվել դեպի Արևելք՝ Կենտրոնական Ասիայի երկրներ, որոնք գտնվում են այն գոտում, որը ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտին է համարում։
 
Եվ ահա եկել է ժամանակը վերադառնալու Կենտրոնասիական ուղղությամբ Էրդողանի էքսպանսիոնիստական ծրագրերի իրականացման խոչընդոտին՝ Հայաստանի Հանրապետությանը։ Կարծես կարելի է արձանագրել, որ չկարողանալով վերջնականապես վերացնել այդ խոչընդոտը՝ Թուրքիան Ադրբեջանի ձեռքով նախորդ աշնանը 44-օրյա արյունահեղություն իրականացրեց հայկական Արցախում և այդպիսով ներքաշեց տխրահռչակ 9-րդ պարբերությունը նոյեմբերի 9-ի զինադադարի մասին վերջնական եռակողմ հայտարարության մեջ: Դրանից հետո՝ նախորդ տարվա ընթացքում, Էրդողանն ու Ալիևը, ինչպես միշտ, շարունակում էին խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ հոկտեմբերի 26-ին նույնիսկ դրեցին դրա «հիմքը»՝ սկսելով նոր մայրուղու շինարարությունը «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ՝ Արցախի օկուպացված տարածքներում։ Հոկտեմբերի 28-ին Էրդողանն Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջև ուղիղ ճանապարհային կապի հաստատման գործում՝ այդպիսով բացահայտորեն մատնանշելով «Զանգեզուրի միջանցքի» և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ սեփական էքսպանսիոնիստական ծրագրերի իրականացումը։
 
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
 
Այստեղ անհրաժեշտություն կա հնչեցնելու մի քանի, մեր կարծիքով, հռետորական բնույթի հարցեր։ Դա պահանջում է կապ ձեռքբերելու անհրաժեշտություն, թուրքական էքսպանսիոնիստական ծրագրերի համապատասխանություն հավաքական Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի շահերին։ Հարց առաջին՝ համապատասխանո՞ւմ, թե՞ հակասում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի այլ երկրների շահերին Թուրքիայի, համապատասխանաբար, ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացմանը դեպի Արևելք, հարց երկրորդ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերից բխո՞ւմ է Ռուսաստանին հարավից շրջապատելը, հարց երրորդ՝ արդյո՞ք ձեռնտու է նրանց Ղազախստանի և Ղրղզստանի, ինչպես նաև Ուզբեկստանի և Թուրքմենստանի ՀԱՊԿ անդամների հետագա թուրքացումը։ Եվ, վերջապես, չորրորդ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք միջինասիական ուղղությամբ Էրդողանի «թուրանական» էքսպանսիոնիստական ծրագրերի իրականացումը համապատասխանում է Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Թվում է, թե միայն այդ հռետորական հարցերի պատասխանները տալով հնարավոր կլինի վերլուծել Արևմուտքի  զսպված արձագանքի պատճառները ՝ ի պատասխան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հերթական ակնհայտ դրսևորման։ Նույն պատասխանները կպարզեն Հայաստանի Սյունիքի մարզով «միջանցքի» հարցում միջազգային կոնսենսուսի առկայությունը, և, թերևս, կբացատրեն տարօրինակ թվացող միաձայնության պատճառները, օրինակ, Հայաստանին բարեկամ Ֆրանսիայի և Հայաստանին դաշնակից Ռուսաստանի՝ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության» հետ կապված ամեն ինչում։
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Ամփոփելով այս ուսումնասիրության աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մասը՝ հարկ է արձանագրել «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ նախագծի և «Զանգեզուրի միջանցքի» թուրքական նախագծի շուրջ ինչպես համաշխարհային դերակատարների և ուժի կենտրոնների շահերի հակասությունների, այնպես էլ համընկնումների առկայությունը։ Բոլոր դեպքերում անհաղթահարելի ուժի մի շարք հանգամանքներից ելնելով՝ այս միջանցքները, այսպես թե այնպես, պետք է անցնեն Հայաստանի տարածքով, այն է՝ Սյունիքի մարզով։ «Միջանցքային» աշխարհաքաղաքականությունը, ինչպես ներկայացվում է, շոշափում է ոչ միայն տարածաշրջանային մակարդակի շահառու երկրների շահերը, այլև աշխարհաքաղաքական շահերն ու համաշխարհային քաղաքականության մակարդակի նախագծերը։ 
 
Սյունիքի մարզի շուրջ այսօր հատվում և միահյուսվում են ինչպես «թուրանական» շահերը, այնպես էլ Չինաստանի, Հնդկաստանի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի շահերը, էլ չենք խոսում Ռուսաստանի մասին։ Այս լույսի ներքո հիմնական հարցում ինչ-որ բան զիջելը սեփական տարածքով տրանսպորտի ցանկացած տեսակի տեղաշարժի վերահսկողության հարցում, թեկուզ մեկ կետով, կարծես ճակատագրական սխալ է Հայաստանի համար։ Սյունիքի միջազգային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է իր տարածքով տարանցման վերահսկողությունը որևէ մեկին զիջելու համար։
 
 
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play