ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի հետ. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի հետ. ՀՀ ԱԳՆ

  • 15-06-2022 12:59:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ: 
 
Նախարար Միրզոյանը և Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների  միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական կապերի, փոխադարձ համակրանքի ու վստահության վրա։ Ընդգծվել է Բուլղարիայում հարյուրամյակներ շարունակ գործող հայ համայնքի զգալի դերը հայ-բուլղարական կապերի ամրապնդման գործում։
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկու երկրների միջև  հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն` այդ առումով նշելով պատգամավորական խմբերի միջև շփումների և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը  մտքեր են փոխանակել  նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համար առկա է ավելի քան 60 փաստաթուղթ ներառող հարուստ իրավապայմանագրային հենք: 
 
Նախարար Միրզոյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների զարգացումները։ Կողմերը համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր համապարփակ լուծումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ 
 
ՀՀ ԱԳ նախարարը նաև առանձնահատուկ ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play