Սպորտային նպաստների համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել


Սպորտային նպաստների համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել

  • 17-06-2022 14:57:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն 338 մլն 100 հազար դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը:
 
Այս գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և կուղղվի մարզիկների սպորտային նպաստների հատկացմանը:
 
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային  մրցաշարերին  և ֆեդերացիաների՝ 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագույնս  մասնակցելու համար։
«Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստ հատկացնել օլիմպիական խաղերի, աշխարհի և  Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական  խաղերի, աշխարհի  առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների  սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
 
Նրա խոսքով` նոր կարգավորումը կնպաստի նաև, որ ՀՀ հավաքական թիմերն ավելի լավ նախապատրաստվեն Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին  և  վարկանիշային  մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Գումարը կհատկացվի Կառավարության որոշման կարգով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ցանկին համապատասխան:
 
Այն կտրամադրվի 2022 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ամիսները՝ ներառյալ:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է սպորտի կարևորությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և թե՛ մարզական առումներով: «Սպորտի ներկայացուցիչներին աջակցություն տրամադրելու համակարգը մինչ այս ինստիտուցիոնալ չի եղել: Այն շատ դեպքերում եղել է հատվածական, հայեցողական և շատ տարածական: Ցանկանում ենք խնդրի լուծումը դարձնել ինստիտուցիոնալ, որպեսզի կանխատեսելի լինի, թե մենք ինչ ենք նախատեսում և ինչ ենք ակնկալում»,- նշել է ՀՀ վարչապետը: 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդ տարվանից ծրագիրը կնախատեսվի արդեն պետական բյուջեով, և կգործի ինստիտուցիոնալ համակարգ․ «Այսինքն`  կառաջնորդվենք ոչ թե անվանական ցանկերով, այլև հաստատված չափանիշներով:
 
Այն մարզիկները, որոնք կհամապատասխանեն այդ չափանիշներին, կստանան համապատասխան աջակցությունը»։
 
2022 թ. հունիսի 1-ից օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամսական կվճարվի 500 հազար դրամ (առաջին մրցանակակիրների խրախուսման համար առանձին կարգ է գործում): Երրորդ մրցանակակիրներին կտրվի 400 հազար դրամ նպաստ: Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական կստանան 300 հազար դրամ: Աշխարհի առաջնություններում 1-ին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 500 հազար, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 400 հազար, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 300 հազար դրամ: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 400 հազար, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 300 հազար, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 200 հազար դրամ:
 
Ամսական նպաստ է սահմանվել նաև օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում 4-8-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկների համար՝ 150 հազար դրամի չափով:
 
Երիտասարդների աշխարհի առաջնություններում առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 200 հազար, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 150 հազար, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 100 հազար դրամ: Եվրոպայի երիտասարդների առաջնությունների առաջին մրցանակակիրները կստանան 150 հազար, երկրորդ մրցանակակիրները՝ 100 հազար, իսկ երրորդ մրցանակակիրները՝ 75 հազար դրամ:
 
ՀՀ հավաքական թիմերի մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, թիմերի բժիշկների և մերսողների համար էլ նախատեսված են հետևյալ հատկացումները՝ 
ՀՀ հավաքականների մարզիչներ /մեծահասակներ`
 
Գխավոր մարզիչ 350.000 ՀՀ դրամ          
Երկրորդ մարզիչ 250.000 ՀՀ դրամ
Անձնական մարզիչ 250.000 ՀՀ դրամ            
Բժիշկ 250.000 ՀՀ դրամ
Մերսող 250.000 ՀՀ դրամ
        
ՀՀ հավաքականների մարզիչներ /երիտասարդներ`
 
Ավագ մարզիչ 200.000 ՀՀ դրամ
Երկրորդ մարզիչ 150.000 ՀՀ դրամ
Անձնական մարզիչ 150.000 ՀՀ դրամ
          
ՀՀ հավաքականների մարզիչներ /պատանիներ`
 
Ավագ մարզիչ 200.000 ՀՀ դրամ
Երկրորդ մարզիչ 150.000 ՀՀ դրամ
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play