Նիդերլանդներում բացվեց հայկական գրքերի անկյուն. դեսպան Տ.Բալայանը մասնակցել է բացմանը


Նիդերլանդներում բացվեց հայկական գրքերի անկյուն. դեսպան Տ.Բալայանը մասնակցել է բացմանը

  • 18-06-2022 12:28:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստելֆեն քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի հետ։ 
 
Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) հիմնադրամի նախաձեռնությամբ Ամստելֆենի քաղաքային գրադարանում (De Bibliotheek Amstelland) հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։ Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։ 
 
Դեսպան Տ.Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցեց Եզոպոսի առակներից։
 
«Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) նիդերլանդական հիմնադրամի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր խոսքում նշեց, որ չափազանց կարևոր է համարում հայերեն գրքերի առկայությունը Նիդերլանդների գրադարաններում. «Հայ ծնողներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն առիթն օգտագործել և հաճախ հանդիպել միմյանց գրադարանում, ընթերցել հայերեն գրքեր՝ պահպանելով և տարածելով մեր լեզուն»։ Բացի այդ, Մ.Կիրակոսյանի կարծիքով, հայկական անկյան առկայությունը արտասահմանցիների մոտ հետաքրքրություն կարող է առաջացնել՝ ծանոթանալ մեր մշակույթին, լեզվին, ուսումնասիրել հայատառ գրքեր և, առհասարակ, սա փոքրիկ գովազդ է մեր երկրի համար։
 
Քաղաքային գրադարանի (De Bibliotheek Amstelland) ուսումնական նախագծերի գծով մենեջեր Խերթրուդ Հուգենդորնի խոսքով, Ամստելֆենը միջազգային քաղաք է, և գրադարանի դռները միշտ բաց են այլազգի բնակիչների համար։ Նա հրավիրեց հայկական համայնքի ներկայացուցիչներին հայերեն գրքեր վերցնել ու կարդալ՝ ակտիվ օգտվելով «Գրքերի Աշխարհ» կոչվող անկյան նորաբաց հայկական «գրատնակից»։
 
Հայերեն գրքերը «Լուսավոր Ապագա»-ին է տրամադրել հայաստանյան «Անտարես» հրատարակչությունը: Գրքերը Նիդերլանդներ են տեղափոխվել Հայաստանի դեսպանության աջակցությամբ: 
 
Եթե կան այլ հրատարակչություններ կամ անհատներ հեղինակներ, կարող են կապ հաստատել Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամի) հետ (www.brightfuturenl.com; info@brightfuturenl.com) և հիմնադրամի միջոցով նվիրաբերել մանկական գրքեր Նիդերլանդներում բացված հայկական գրքերի անկյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն