Ապարանում 2 անձի սպանության, ևս 5-ի վիրավորում ստանալու պատճառը մեքենայով ազդանշան տալն ու վեճն է եղել. կա ձերբակալված


Ապարանում 2 անձի սպանության, ևս 5-ի վիրավորում ստանալու պատճառը մեքենայով ազդանշան տալն ու վեճն է եղել. կա ձերբակալված

  • 20-06-2022 19:14:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Նիգավանում երեկ տեղի ունեցած զինված միջադեպի ու կրակոցների մասին՝ հայտնելով, որ կա ձերբակալված:
 
Հաղորդագրության համաձայն՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:
 
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:
 
Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
 
Արդյունքում հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ:
 
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է երեկ գիշեր, մյուսը՝ ավելի ուշ:
 
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ վեճը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել էին երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play