ՀՀ նախագահը ստորագրեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վիճահարույց օրենքը


ՀՀ նախագահը ստորագրեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վիճահարույց օրենքը

  • 21-06-2022 18:50:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վիճահարույց օրենքը՝ ականջալուր չլինելով ավելի քան 44 հասարակական կազմակերպությունների և անհատների առաջարկին օրենքի ընդունումից առաջ այն քննարկել բազմամասնագիտական փորձագիտական խմբի հետ։
 
Քննարկում տեղի չունեցավ, փոխարենը ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:
«Սույն թվականի մայիսի 30-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակին ի պատասխան հայտնում ենք, որ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նամակում արծարծված խնդիրներին և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ամբողջովին ընդունվելու դեպքում՝ այն չստորագրելու ՀԿ-ների խնդրանքին՝ հակասահմանադրականության հիմնավորմամբ:
 
Հետամուտ լինելով խնդրի լիարժեք պարզաբանմանը ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված սույն օրենքի հիմնավորումներին, առաջին ընթերցումից հետո ՀՀ Կառավարության ներկայացրած առաջարկներին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություններին: Նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական և փորձագիտական բաժինները նույնպես ներկայացրել են խնդրո առարկա օրենքում փոփոխությունների վերաբերյալ վերլուծություն:
Վերոշարադրյալ եզրակացությունների և վերլուծություններին համադրության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չեն արձանագրվել: Ըստ այդմ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 18-ին ստորագրել է օրենքը»,- ասված է հայտարարության մեջ:
 
Նշվում է՝ ՀՀ նախագահի աշխատակազմը բաց է հանրային կարևորություն ունեցող թեմաների շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներում ներգրավվելու և մասնակցելու համար»:
Ավելի վաղ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել էին նախագահին օրենքը չստորագրելու պահանջով, այն համարելով հակասահմանադրական, հակաժողովրդավարական։
 
Քաղհասարակությունը մտահոգիչ էր համարել հատկապես օրենքի համալրումը 55.1 հոդվածով, որը նախատեսում է
 
ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։
 
Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն