Ինչու էին «ընդդիմադիրները» վստահ, որ Նիկոլին 2-3 օր է մնացել․ երրորդ տարբերակը
22-06-2022 10:17:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. 44 օր «դիմադրություն շարժում» անելուց հետո Հայաստան եւ ՊՈՒ դաշինքները հավաքեցին վրանները եւ հայտարարեցին նոր մարտավարության, ծրագրային մշակումների եւ այլնի մասին։ Շարժումից առանձնանալու հայտարարություններ հնչեցին տարբեր խմբերի կողմից։ 44-օրյակի «ամփոփումը» հանգում է հետեւյալին՝ հաջողվեց կանխել կապիտուլյացիոն նոր փաստաթղթերի ստորագրումը, չհաջողվեց լուծել Փաշինյանի պաշտոնանկության հարցը։ Հայաստան դաշինքը հայտարարում է, որ մանդատները վայր չեն դնելու, քանի որ դրանք դեռ պետք են իրենց, այդ թվում իմպիչմենտի փորձի համար։
Փողոցային ակցիաների մեկնարկին հայտարարվում էր, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը 2-3 օր է մնացել, ընդ որում՝ հայտարարվում էր ամենայն վստահությամբ։ Հնարավոր է՝ ակցիաների կազմակերպիչները կարծում էին, որ շարժումը «համազգային ընդգրկում կունենա» եւ չի մնա զուտ կուսակցական շրջանակում։ Հնարավոր է՝ դա արվում էր այն նպատակով, որ հանրության լայն շերտեր, հատկապես պետական ապարատը սկսեր տատանվել եւ անցներ շարժման կողմը։ Հնարավոր է նաեւ այն, որ կային համապատասխան ազդակներ Մոսկվայից, հաշվի առնելով ռուսական էմիսարների եւ հայկական ազգանուններով քարոզիչների ելույթներն ու ակնարկները։
Հնարավոր է՝ «ընդդիմադիրների» այդ վստահությունը գալիս էր այս ամենի հանրագումարից։
Եթե սրանք են եղել պատճառները, ապա պետք է արձանագրել «դիմադրություն շարժման» կազմակերպիչների անհամարժեքությունը կամ լիովին այլ նպատակադրումները, քան հայտարարվում էր հրապարակներում։ Նրանց ելույթները, այդ թվում «ծրագրային», ինչպես նաեւ մամուլում տարածվող բոլորին ձանձրացրած թեզերը վերաբերյալ վկայում են արտաքին ու դրանից ածանցյալ՝ ներքին իրավիճակների վերաբերյալ պատկերացումների անհամարժեքությունը։
Փաշինյանի պաշտոնանկությունն անհնար բան չէ, դրա համար պետք է լուծել նրա ապալեգիտիմացման ու իշխանության հիմքերը վերացնելու հարցը։ Ապալեգիտիմացման հարցը լուծել է ինքը Փաշինյանը, չկատարելով իր սահմանադրական պարտավորությունները։ Նրա իշխանության արտաքին հիմքը ռուս-թուրքական «եռակողմ» համաձայնություններն են, ներքին հիմքը՝ «նախկինների» հանդեպ հանրության վերաբերմունքի վրա կառուցված նրա խորհրդարանական մեծամասնությունը։ Այս հիմքերի վերացումը կլիներ ազգային-պետական խնդիրներից բխող լուծումը։ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի, խորհրդարանի «ընդդիմությունը» հավատարմություն է հայտնել նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ շարունակում է իր գործառույթը ամբողջական ծավալով։
Կա իհարկե տարբերակը, երբ Մոսկվան կարող է գնալ իշխանափոխության։ Թե որ դեպքում ու ինչ պայմաններով՝ արժե մտածել․ դա կարող է տեղի ունենալ նոր պատերազմի, ինչպես նաեւ «հետքերը մաքրելու» ռուսական պլանների ու ավանդույթի համատեքստում։
ՀՀ խորհրդարանը կազմող ուժերն այդպես էլ քննարկման չեն դնում մի քանի պարզ հարց, որոնք կարող էին շրջել իրավիճակը։