Ալիևը դժգոհ է ապաշրջափակման գործընթացի բանակցային բովանդակությունից


Ալիևը դժգոհ է ապաշրջափակման գործընթացի բանակցային բովանդակությունից

  • 22-06-2022 12:16:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բաքվի գլոբալ ֆորումի բացմանը, որի ընթացքում հերթական անգամ մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել:
 
Ալիևը, մասնավորապես, մեղադրել է Հայաստանին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ժամանակ ձգելու մեջ: Նա նշել է, որ Երևանը նոյեմբերի 10-ի հայտարարությամբ պարտավորություն էր ստանձնել Ադրբեջանին տրամադրել այդ ճանապարհը, սակայն մեկուկես տարի անց այն դեռ չի գործում:
 
Ադրբեջանի նախագահը նորից զուգահեռներ է տարել մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի ու Լաչինի միջանցքի միջև՝ նշելով, որ Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո անմիջապես Հայաստանին անխոչընդոտ կապ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հետ: Ալիևը այս հարցում արդյունքի բացակայությունը համեմատել է Ղարաբաղյան խնդրի շուրջ երեսնամյա բանակցությունների հետ, երբ, ըստ նրա, Հայաստանը ժամանակ էր ձգում, և դրա արդյունքում պարտվել է մարտադաշտում: Ամփոփելով իր ելույթի այս հատվածը` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե իրենք չստանան «Զանգեզուրի միջանցքը», դժվար է լինելու խոսել խաղաղության մասին:
 
Ալիևի այս մեղադրանքներին ու սպառնալիքներին հաջորդ օրը արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցերին՝ Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ամբողջ ընթացքում քննարկումներում ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ»:
 
Այս պաշտոնական արձագանքից բացի ՀՀ իշխանությունները, լոյալ տեղեկատվական ռեսուրսների միջոցով ապաշրջափակման գործընթացին առնչվող մի փաստաթղթի նախագծի արտահոսք են իրականացրել, որը Երևանի կողմից Բաքվին է ներկայացվել 2021 թվականի դեկտեմբերի 25-ին և մերժվել:
 
Ալիևի նմանատիպ հայտարարությունների պատճառը հասկանալի է: Բաքուն, ամենայն հավանականությամբ, դժգոհ է ապաշրջափակման գործընթացում առկա բանակցային բովանդակությունից: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երևանյան իր այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին պարզեցված ռեժիմ է լինելու, բայց այն միանշանակ հիմնված է լինելու հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա:
 
Լավրովի այս հայտարարությունից օրեր անց «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ ճանապարհի գործարկման դեպքում նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։
 
Բաքուն թերևս դեմ է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վրա այսպիսի կարգավորումներ գործեն: Այս տարբերակը բավականին դժվար է լինելու երկրի ներսում ներկայացնել որպես միջանցք: Դա է պատճառը, որ Ալիևը իր ելույթներում զուգահեռներ է տանում այս ճանապարհի ու Լաչինի միջանցքի միջև և Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ է պահանջում Ադրբեջանի ու Նախիջևանի միջև:
 
Հայաստանի նկատմամբ պարբերաբար հնչեցվող սպառնալիքները հավանաբար նպատակ են հետապնդում փոփոխություններ մտցնել ապաշրջափակման գործընթացի շուրջ առկա բանակցային բովանդակության մեջ: Բաքուն, անշուշտ, փորձելու է ստանալ շատ ավելին, քան այն, ինչ այս փուլում դրված է բանակցային սեղանին: Կա նաև մեծ հավանականություն, որ այս նպատակներին հասնելու համար Ադրբեջանը սպառնալիքներ ու մեղադրանքներ հնչեցնելուց բացի, կարող է կրկին անցնել ուժային գործիքակազմի կիրառմանը: Այդ առումով հայկական կողմը պետք է պատրաստ լինի սահմանային նոր լարվածությունների:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը