ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

  • 24-06-2022 13:08:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: 
 
Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության շարունակությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի արդյունավետ փորձը՝ Վահրամ Դումանյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
 
Մասնավորապես կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման իրականացումը` կողմերը դիտարկել են ծրագրում նոր դպրոցների ընդգրկման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ միջին մասնագիտական մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը:
 
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների, երիտասարդ գիտնականների փոխանակման և կրթահետազոտական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը: 
 
Նախարարն այս առումով կարևորել է Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչի առնչությամբ դեսպանը նշել է, որ Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերը կավելացվեն:  
 
Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և ասել, որ  Գերմանիան կշարունակի համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստ է աջակցել Հայաստանին՝ որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Գերմանիայում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն