Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում. ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործարկմանը խանգարում է ուկրաինական ճգնաժամը


Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում. ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործարկմանը խանգարում է ուկրաինական ճգնաժամը

  • 24-06-2022 13:41:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացն այս շաբաթ կրկին Ռուսաստան-Արեւմուտք դիվանագիտական բախումների առանցքում էր: Եթե շատ հարցերում ՌԴ-Արեւմուտք հակադրությունների հիմքում տրամագծորն հակառակ եւ իրար բացառող կարծիքներ են, ապա Արցախի հարցում այդպես չէ. եւ Ռուսաստանը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խոսում են նույն բանի մասին, որ Արցախի խնդիրը պետք է երկարաժամկետ լուծում ստանա, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն:
 
Պատժամիջոցների շրջանակներում ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները դադարել են շփվել ռուս համանախագահի հետ, բայց շարունակում են իրենց առաքելությունը: Այդ իրավիճակում Ռուսաստանի միակ պատասխանն այն է, որ եթե երեքով համատեղ չեն գործում, հետեւաբար, Մինսկի խմբի ձեւաչափին հարված է հասցվել, եւ ինքը խնդրի կարգավորումն առաջ կտանի իր համահեղինակությամբ հրադադարը հաստատելու մասին եռակողմ հայտարարության հիման վրա: Եթե նախկինում ԱՄՆ-ն շեշտում էր միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում առաքելություն իրականացնելու մասին՝ առանց հիշատակելու ՌԴ-ին, ապա օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ուղիղ հայտարարեց, որ այդ ձեւաչափում պատրաստ են համագործակցել ՌԴ-ի հետ:
 
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարեց. «ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ կարեւոր է, որ տարբեր ձեւաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն այդ ձեւաչափը»։ Այստեղ հատկանշականն այն է, որ ԱՄՆ պաշտոնյան այդ հայտարարությունն արեց Բաքվից Երեւան ժամանելուց հետո եւ շեշտեց, որ չնայած Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, ԱՄՆ-ն աջակցում է, մասնակցում է այդ գործընթացին եւ կշարունակի մասնակցել։
 
Սրան ի պատասխան ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց, որ եթե Վաշինգտոնն ու Փարիզը իրականում Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը համարում են կարեւոր, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Նա նաեւ հայտարարեց, որ փետրվարի 24-ին ԱՄՆ-ն խզել է շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ «Ձեւացնել, թե ոչինչ չի եղել, պարզապես չի ստացվի, ստիպված կլինեք հաշվի առնել նոր իրողությունները։ Կարծում եմ, որ խաղադրույքը, ինչպես միշտ, կատարվել է այն բանի վրա, որ մենք մեկուսացման մեջ ենք ընկնելու։ Ռուսական կողմը, առավել քան որեւէ մեկը, շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ եւ չի կարող թույլ տալ, որ արտաքին առանձին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը։
 
Շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
 
Դիվանագիտական այս երկխոսությունից կարելի է անել մեկ հետեւություն՝ վաղ թե ուշ Մինսկի խմբի ձեւաչափն ամբողջ ուժով գործարկվելու է, քանի որ նրա անդամները խոսում են նույն լեզվով, բայց՝ տարբեր հարթակներից: Իսկ հարթակների միավորումը հնարավոր կդառնա ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո միայն: Մինչ այդ, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կաշխատեն նույն նպատակի համար՝ առանձին-առանձին:
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play