Ծնողը գումարի պատճառով երեխային չէր տանում ստուգման․ ինչ անվճար հետազոտություններից կարող են օգվտել 0-18 տարեկանները


Ծնողը գումարի պատճառով երեխային չէր տանում ստուգման․ ինչ անվճար հետազոտություններից կարող են օգվտել 0-18 տարեկանները

  • 27-06-2022 19:02:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանի առողջապահական համակարգում վերջին շրջանում կարևոր և առանցքային զարգացումներ և փոփոխություններ են իրականացվում։ Դրանցից  է հատկապես 0-ից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային  բժշկական օգնությունը անվճար իրականացնելը։ Սա թերևս 2011 թվականից հետո արված ամենամեծ ներդրումն է երեխաների առողջության պահպանման ոլորտում։
 
Նախկինում անվճար բուժօգնությունից կարող էին օգտվել 0-7 երեխաները, իսկ 7-18 մինչև 18 տարեկան երեխաները, եթե ընդգրկված են  սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում։
 
Նկատենք, որ երեխաների՝ պետության երաշխավորված` անվճար արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է պոլիկլինիկաներում (բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը), ընտանեկան բժշկի գրասենյակներում:
 
ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և  սպասարկման ծավալները ներառում են`
 
«Առողջ երեխայի հսկողությունը` երեխայի աճի և զարգացման գնահատմամբ,  ներառյալ՝ կանխարգելիչ այցերի պարբերականության ժամանակացույցը և իմունականխարգելման գործընթացի ապահովումը, աճի և զարգացման շեղումների վաղ հայտնաբերումը, մանկական աուտիզմի թեստի իրականացումը և վաղ միջամտության իրականացումը՝ համաձայն զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործընթացի  կազմակերպման ուղեցույցի։ Պատրոնաժ բուժքրոջ (խնամակալ) երեխաների բուժսպասարկումը, հիվանդ երեխաների շարունակական հսկողությունը, երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կազմակերպումը»,- նշում է Ավետիսյանը։
 
Սպասարկման ծավալներից են նաև երեխայի հիվանդության/խնամքի հետ կապված ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը, հիվանդ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում և տանը, այդ թվում՝ տնային կանչերի և ակտիվ այցերի իրականացումը (ներառյալ այցերը` շտապօգնության ծառայության և հիվանդանոցային բժշկական կազմակերպության  հաղորդագրության հիման վրա)` մինչև լավացում և/կամ առողջացում, երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնությունը և սպասարկումը, խորհրդատվական և շարունակական հսկողության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:
 
«Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և  սպասարկման ծավալների մեջ մտնում են  անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող երեխաների դեղորայքային ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը կարող է տրամադրել դեղ ոչ միայն բուժման, այլ նաև կանխարգելիչ նպատակներով: Դեռահասների, այդ թվում՝ 15 տարեկան աղջիկների առողջության գնահատման և 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտության և անհրաժեշտության դեպքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը: Պետությունն իրականացնում է նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը»,- հավելում է զրուցակիցը:
 
0-ից մինչև 18 տարեկան երեխաների դեպքում նաև հստակեցված է, թե առողջապահության առաջնային պահպանման օղակներում, այսինքն՝ պոլիկլինիկաներում, անվճար ինչպիսի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ են իրականացվում։ Դրանցից են հատկապես կլինիկական հետազոտությունները, միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտությունը, կղանքում հելմինթների ձվիկների հայտնաբերումը։
 
Արյան ընդհանուր հետազոտություն և լեյկոֆորմուլա
Մեզի ընդհանուր հետազոտություն
Կղանքի մանրադիտակային հետազոտություն
Կենսաքիմիական հետազոտություններ
Գլյուկոզ
Ընդհանուր սպիտակուց
Ալբումին
Միզանյութ
Մնացած հետազոտությունների ցանկին կարող եք ծանոթանալ  այստեղ։
 
0-ից 18 տարեկան երեխաների համար ամբողջությամբ անվճար են նաև դժվարամատչելի հետազոտությունները այն բժշկական ծառայություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր, ուղեգրի առկայության դեպքում։ Ավետիսյանն ասում է՝ դժվարամատչելի հետազոտությունների ցանկը պարբերաբար վերանայվում է, արդիականացվում
 
«Օրինակ՝ թոքաբորբի կասկածի դեպքում , եթե երեխան հոսպիտալացվում է, հիվանդանոցային պայմաններում իրականցվում են մի շարք հետազոտություններ, օրինակ ` կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, արյան ընդհանուր քննություն, Ց ռեակտիվ պրոտեինի որոշում , այս բոլորը ներառված են պետպատվերի շրջանակում։ Եթե օիրնակ նույն երեխայի մոտ զարգանում է բարդություն և անհրաժեշտ է կրկնել հետազոտությունները կամ ուղղորդել դժվարամատչելի հետազոտությոններին, վերջիններս կրկին իրականավում են պետպատվերի շրջանակում են »,- նկատում է նա։
 
Բացառություն են միայն ստոմատոլոգիական ծառայությունները, որոնք իրականավում են պետական պատվերի շրջանակում անվճար մինչև 7 տարեկանների և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկանների երեխաների դեպքում։
 
Մասնագետի խոսքով՝ այս փոփոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել, քանի որ նախկինում գրանցվում էին դեպքեր, երբ երեխայի մոտ հայտնաբերվում էր որևիցե խնդիր, ծնողը տեղեկանում էր այդ մասին, բայց բուժումը և անհրաժեշտ հետազոտությունները վճարովի լինելու պատճառով երեխան չէր կարողանում ստանալ համապատասխան բուժում, հատկապես 7տարեկանից բարձր երեխաներ պարագայում։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը