Ծիրանը փչանում է, գյուղացիները մեծ վնասներ են կրում, լաստանավից նորություն չկա


Ծիրանը փչանում է, գյուղացիները մեծ վնասներ են կրում, լաստանավից նորություն չկա

  • 27-06-2022 20:08:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի փակ լինելու հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում, իսկ մթերող ընկերություններն այսօրվանից դադարեցրել են ծիրանի և այլ գյուղմթերքի մթերումը։ Այս մասին Lragir․am-ի հետ զրույցում ասաց «Օրիգինալ տրանսպորտ գռուպ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Քոլյանը։
 
Նշենք, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Դեռ հայտնի չէ, թե հետևանքների վերացման համար որքան ժամանակ կպահանջվի։
 
«Ճանապարհն անորոշ ժամանակով փակ է, հստակ ինֆորմացիա չկա, թե երբ կբացվի։ Մեր մեքենաներն էլ այս պահին կանգնած են, սառնարաններն անդադար աշխատում են, մթերող ընկերություններն էլ այսօրվանից մթերումները դադարեցրեցին։ Այսինքն՝ գյուղացիները ևս մեծ վնաս են կրում այս իրավիճակում»,- ասաց Վարուժան Քոլյանը։
 
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է լաստանավային փոխադրումների հարցն արագ լուծի, որպեսզի գոնե արտահանումը շարունակվի։ «Այսօր առավոտյան զանգել եմ Էկոնոմիկայի նախարարություն, ինձ ասացին, որ այս պահին հստակ ինֆորմացիա չկա լաստանավի մասին։ Վարչապետի մակարդակով ժամկետներ են նշել, հետո նախարարի մակարդակով, բայց ոչ մի ժամկետ չի պահպանվում»,- նշեց նա։
 
Վարուժան Քոլյանի խոսքով՝ մարդիկ մթերում են արել, սառնարաններում 500-1000 տոննա բերք ունեն, որը նախատեսում էին արտահանել։ «Հիմա այդ ապրանքը մնալու է սառնարաններում։ Իսկ մեր բարձած մեքենաների սառնարանները օրը 60 լիտր դիզվառելիք են վառում։ Եվ այդ սառանարաններն ընդհանրապես նախատեսված չեն երկարաժամկետ հատվածի համար։ Այդ մեքենաները գուցե ևս 15 օր կանգնեն ճանապարհին։ Այդ դեպքում նախ ես չգիտեմ, թե ապրանքի որակական հատկանիշները որքանով կպահպանվեն, բայց գումարած դրան դիզվառելիքի հսկայական ծախս է կատարվում։ Եթե հաշվենք, 15 օր կանգնելու դեպքում յուրաքանչյուր մեքենա մոտ 900 լիտր դիզվառելիք կծախսի, այսինքն՝ միայն մեկ մեքենայի սառնարանը մոտ 600 հազար ծախս է պահանջում 15 օր կանգնելու համար։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մեքենաները կանգնած են այն հատվածում, որտեղ լցակայաններ չկան, մեքենաներ էլ չկան, որպեսզի դիզվառելիք բերեն հասցնեն։ Իրավիճակը սարսափելի է»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը