Մեծ յոթնյակը քննարկում է նաև Իրանի հարցը


Մեծ յոթնյակը քննարկում է նաև Իրանի հարցը

  • 28-06-2022 15:52:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մեծ յոթնյակի առաջնորդներն այսօր քննարկում են նաև Իրանի միջուկային բանակցությունները վերականգնելու հարցը։ Քննարկումը հաջորդում է Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր հանձնակատարի Թեհրան կատարած այցին, որտեղ նա փորձել է փակուղուց դուրս բերել բանակցությունները։
 
Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաեդ Խաթիբզադեն երեկ ասել է, որ այս շաբաթվա ընթացքում վերականգվելու են Իրանի ու ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները, որտեղ, ըստ նրա, քննարկվելու են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու հետ կապված մի քանի հարցեր։
 
«Ես հաստատում եմ, որ բովանդակությունն ու ձևը համաձայնեցված է, բայց դեռ պետք է տեսնենք, թե արդյո՞ք ԱՄՆ-ի կառավարությունը կդադարի հետևել Թրամփի վարչակազմի քաղաքականությանը։ Իրանը պարտավորվել է մասնակցել բանակցություններին՝ կարճ ժամկետում լուծելու նախորդ բանակցություններից մնացած հարցերը»,- ասել է նա։
 
Խաթիբզադեի խոսքով՝ այժմ գնդակը Վաշինգտոնի դաշտում է և եթե ԱՄՆ-ն պատասխանի, ապա համաձայնությունը հասանելի է։ Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ նախատեսված չեն։ Եվրամիությունը, որպես միջնորդ, առանձին կբանակցի ԱՄՆ-ի և Իրանի հետ։
 
2021-ի ապրիլին Վիեննայում վերսկսվել էին Իրանի և գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրին վերադառնալու բանակցությունները, բայց շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, քանի որ Թեհրանը այդ համաձայնագրի հետ կապ չունեցող պայմաններ էր առաջ քաշում։
 
Հրաչ Մելքումյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը