Գագիկ Բեգլարյանից և մյուս անձանցից 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել


Գագիկ Բեգլարյանից և մյուս անձանցից 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել

  • 28-06-2022 20:18:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
 
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել մասնավորապես՝  
 
Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևան քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը («Մերսեդես-Բենց S600Լ» մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10 միլիարդ 704 միլիոն 483 հազար 825 ՀՀ դրամ,
 
10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,
 
8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1 միլիարդ 879 միլիոն 759 հազար 719 ՀՀ դրամի չափով,
 
882 միլիոն 745 հազար 274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,
 
3 միլիարդ 317 միլիոն 008 հազար 604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
 
Նշվածը ՀՀ գլխավոր դատախազությա ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 10-րդ հայցապահանջն է, որ դատարանն ընդունել է վարույթ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն