Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է


Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է

  • 28-06-2022 21:18:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախը մայր Հայաստանին կապող, Բերձորով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհն այլընտրանքային ճանապարհը լրացուցիչ  փոխարինելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչու է հայկական կողմը տվել իր համաձայնությունը՝ Ադրբեջանի կողմից առաջարկված երթուղու կառուցման համար, որի դեպքում  հայկական բնակավայրերի ճակատագիրը դառնում է անորոշ, բացի այդ՝ ադրբեջանական կողմի հսկողության տակ անցնող հատվածում են մնում Արցախի համար կենսական նշանակության ենթակառուցվածքները, կոմունիկացիաները։
 
«Փաստինֆո»-ն  փորձել  է պարզաբանումներ ստանալ Արցախի նախագահի մամուլի  քարտուղար Լուսինե Ավանեսյանից։ Պատասխաններն ուղարկվել են գրավոր։
 
-Արցախի իշխանությունների հետ Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի նախագիծը ե՞րբ է համաձայնեցվել։ Նոր ճանապարհի շահագործման դեպքում ի՞նչ սպասվում Աղավնո, Բերձոր, Ներքին Սուս բնակավայրերին ու նրանց բնակչությանը։
 
- Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ։ Ստեղծված պայմաններում, նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ բանակցելով, արվում է ամեն ինչ մեր քաղաքացիների կյանքի և իրավունքների պաշտպանության համար՝ ինչպես հիմա, այնպես էլ նոր երթուղու գործարկումից հետո: 
 
Արցախի իշխանությունները հնարավորություն են ունեցել կարծիք հայտնել դրա   մասին՝ չշրջանցելով հայաբնակ մնացած բնակավայրերի թեման, որոնք նոր երթուղու գործարկման դեպքում և, եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահների վերատեղակայումից հետո, կմնան անպաշտպան:
 
- Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի ո՞ր հատվածն է կառուցելու Արցախը․այդ ուղղությամբ աշխատանք  տարվո՞ւմ է արդեն։
 
- Այո, Ադրբեջանը սկսել է ապագա ճանապարհի  մի հատվածի շինարարությունը: Սակայն կան մի շարք չկարգավորված հարցեր և քննարկումները շարունակվում են: Արցախի հանրապետությունը դեռևս որևէ շինարարական աշխատանք չի իրականացնում:
 
- Բերձորով անցնող ճանապարհը հանձնելու դեպքում ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը։
 
- Արցախի իշխանությունը գործընկերների հետ և նրանց միջոցով քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները, որոնք թույլ կտան ապագայում լիարժեք ապահովել ԱՀ կենսագործունեության համար անհրաժեշտ կոմունիկացիաների  և ավտոմայրուղու անվտանգ և անխափան աշխատանքը:
 
-Այլընտրանքային ճանապարհով անվտանգ ու անխափան  երթևեկության երաշխիքները որո՞նք են և ո՞վ է տալիս դրանք։
 
-2020 թվականի  նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն նոր ճանապարհի շինարարության ավարտից հետո ՌԴ խաղաղապահները վերատեղակայվելու են՝ նոր  երթուղին պաշտպանելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը