Թուրքական նվեր Պուտինին․ Սանկտ Պետերբուրգը եւ Կալինինգրադը՝ շրջափակման մեջ
29-06-2022 10:41:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիան չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացին։ Երեք երկրների միջեւ ստորագրվել է համապատասխան հուշագիր, Անկարան հայտարարել է, որ իր պահանջները կկատարվեն, այն է՝ այդ երկրներում գտնվող «ահաբեկիչները» կարտահանձնվեն։ Ֆինլանդիայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ հուշագրում անուններ չեն նշվում, ինչը նշանակում է, որ թուրքական պահանջներն իրականում պատրվակ էին այլ խնդիրների համատեքստում։ Հուշագրի ստորագրումից հետո հայտնի է դարձել, որ Բայդենը համաձայնել է հանդիպել Էրդողանի հետ, որին այդքան ձգտում էր Թուրքիայի նախագահը։
Շվեդիան ու Ֆինլանդիան լուրջ համալրում են ՆԱՏՕ-ի համար մի շարք առումներով։ Այս երկրներն ունեն զարգացած տնտեսություն եւ մարտունակ ու տեխնոլոգիապես հագեցած բանակներ, որոնք սովոր են գործել հյուսիսային պայմաններում։
Նրանց անդամակցության պարագային ավելանում է ՆԱՏՕ-ի անդամների թիվը Բալթիկ ծովի շրջանում, որը դառնում է ՆԱՏՕ-ի յուրօրինակ «ներքին ծով»։ Ռուսական երկու նավահանգիստները՝ Կալինինգրադ-Քյոնիգսբերգը եւ Սանկտ Պետերբուրգը, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեկուսացման են ենթարկվելու։
Ուկրաինայի դեմ պատերազմում այդ թվում ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու նպատակ հռչակած Ռուսաստանը ստանում է հակառակը՝ ՆԱՏՕ-ի էական ընդլայնում եւ 1000-ից ավելի կմ անմիջական սահման ՆԱՏՕ-ի հետ։ Ընդ որում, Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցում են հենց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։