Ինչո՞ւ են քիչ թվով քաղաքացիներ արձագանքել Դիմադրության շարժման՝ ԱԺ-ի դիմաց հավաքվելու կոչին


Ինչո՞ւ են քիչ թվով քաղաքացիներ արձագանքել Դիմադրության շարժման՝ ԱԺ-ի դիմաց հավաքվելու կոչին

  • 01-07-2022 12:34:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
aravot. Ինչպես հայտնել էինք, Դիմադրության շարժումն այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է անում, իսկ ԱԺ-ում իշխանական խմբակցությունը պատրաստվում է պաշտոնանկ անել ընդդիմադիր երկու պատգամավորներին։ Լրագրողների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ շատ քիչ թվով քաղաքացիներ են արձագանքել շարժման՝ ԱԺ-ի դիմաց հավաքվելու կոչին։ Այս առիթով շարժման անդամ Հայկ Դերձյանը լրագրողներին ասաց․ «Գլխավոր հանրահավաքն այսօր երեկոյան է։
 
Այս ցույցը որեւէ մեծ մոբիլիզացիայի խնդիր չունի։ Եկել ենք բարձրաձայնենք, որ իշխանությունը նախաձեռնել է գործընթաց, որն, իրենց պատկերացմամբ, գուցե անձերին է ուղղված, սակայն մեծ հաշվով այդ ամենն ուղղված է առաջնահերթ այն մարդկանց, որոնք ձայն են տվել ընդդիմությանը։ Իշխանությունն այսպես փորձում է ոչ թե պաշտոններից հեռացնել կամ սահմանափակել ընդդիմությանը, այլ առհասարակ՝ ընդդիմության ձայնը»։
 
Նկատառմանն ի պատասխան, որ անգամ ընդդիմադիր պատգամավորները չեն եկել ԱԺ-ի դիմաց՝ գործընկերներին սատարելու, Հայկ Դերձյանը նշեց․ «Այս ցույցը պայմանավորված չէ պատգամավորների լինել-չլինելով։ Շատ ցույցեր են եղել, որտեղ պատգամավորները ներկա էին, եւ հակառակը։ Պատգամավորների միանալ-չմիանալն այս գործընթացում որոշիչ չի։ Այստեղ են մարդիկ, որոնք դեմ են իշխանությանը։ Գլխավոր գործոնը քաղաքացու դժգոհությունն է»։ Լրագրողները շեշտեցին՝ քանի որ քաղաքացիների թիվը մեծ չէ, իշխանությունը կմտածի, թե հանրությունը համաձայն է իր քայլերի հետ։
 
Դերձյանն արձագանքեց․ «Այս երկու ամսում իշխանությունն արդեն վաղուց պետք է համոզված լիներ, որ բազմաթիվ մարդիկ դեմ են իրեն։ Մեր համար կարեւոր է, որ քաղաքացիները գիտակցում են՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ես մեկ ցույցով կարծիք չէի կազմի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը