Ուսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով


Ուսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով

  • 01-07-2022 15:20:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ:        
 
2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: 
 
Կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի:
 
Թեստային առաջադրանքների միջոցով գիտելիքի ստուգումն իրականացվում է «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Մայրենի լեզու» (ասորերեն, եզդիերեն, քրդերեն) դասավանդող ուսուցիչների համար: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
 
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կարող է իրականացվել ինչպես թեստային, այնպես էլ ոչ թեստային առաջադրանքների միջոցով` ըստ իրենց ընտրության:
 
Ոչ թեստային` գրավոր եղանակով գիտելիքի ստուգում իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները  դասավանդողների համար: Գրավոր առաջադրանքներն ընդգրկում են գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: 
 
Առարկայական գիտելիքի ստուգման թեստեր մշակող մասնագետների ընտրությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից՝ իր ոլորտում մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներից: 
 
Ոչ թեստային եղանակով` գրավոր ատեստավորման առաջադրանքները կազմվում են տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից։
 
Ըստ սահմանված կարգի` ԳԹԿ-ն ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութերը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
 
Հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ուսուցիչների ատեստավորումը կազմակերպելու նպատակով ձևավորում է ատեստավորման կենտրոններ: Ըստ սահմանված ժամանակացույցի` ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կատարվում է ատեստավորվող ուսուցիչների խմբերի ձևավորում, մասնակից յուրաքանչյուր ուսուցչի տրամադրվում է անցաթուղթ: Անցաթուղթը պարունակում է ուսուցչի տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մարզը, դպրոցը, առարկան, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը:
 
Ատեստավորման արդյունքում բարձրանում է աշխատավարձը.
 
90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 50 տոկոսի չափով,
80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 40 տոկոսի չափով,
70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով,
60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց աշխատավարձը պահպանվում է` առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի,
0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:
 
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը սահմանված է  200.000 դրամ (մեկ դրույք զբաղվածության համար), որի նկատմամբ կիրառվում  է  համապատասխան  չափով  հավելավճարը:
 
Ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: 
 
Արդեն ամփոփվել են կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտ ներկայացրած ուսուցիչների տվյալները` ըստ մարզերի: Մնացած տվյալներն ամփոփման փուլում են: 
 
Մարզը Մասնակիցների թիվ Մասնակիցների % ընդհանուրում
 
Արագածոտն 233 6.0
Արարատ 313 8.0
Արմավիր 356 9.1
Գեղարքունիք 273 7.0
Երևան 991 25.3
Լոռի 314 8.0
Կոտայք 448 11.5
Շիրակ 417 10.7
Սյունիք 258 6.6
Վայոց ձոր 97 2.5
Տավուշ 211 5.4
 
ԸՆԴԱՄԵՆԸ 3911 100.0
 
Նշենք, որ կամավոր ատեստավորման այս տարվա հայտերի ընդունելությունը կատարվել է 2022 թվականի մայիսի 16-ից հունիսի 7-ը` էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am կայքում, ստեղծվել է համապատասխան բաժին, որի միջոցով ուսուցիչները լրացրել են կամավոր ատեստավորման հայտը: 
 
Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատավարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն