Այսպիսի արտառոց՝ երեք զինծառայողի սպանության դեպքն անգամ իրենց չի սթափեցնում


Այսպիսի արտառոց՝ երեք զինծառայողի սպանության դեպքն անգամ իրենց չի սթափեցնում

  • 25-07-2022 19:48:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
 
Տիկին Ալեքսանյան, Գորիսի դիրքերից մեկում նախորդ տարի տեղի ունեցած 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն ավարտվել է, և օրերս Քննչական կոմիտեն հրապարակեց աղմկահարույց հաղորդագրություն, որն այնուհետև ՔԿ կայքից հեռացվեց։ Ըստ այդմ՝ սպանությունը դիրքի ավագի դրդմամբ կատարել է ժամկետային զինծառայողը, ով, սակայն, չի ընդունում մեղքը։ Հերթական անգամ արձանագրվում է իրավիճակ, երբ բանակում տեղի ունեցած սպանության դեպքով քննությունը հարցեր է առաջացնում հանրության մոտ։ Ի՞նչ են ցույց տալիս այս իրադարձությունները։
 
Նախաքննության ընթացքում մեզ էին դիմել մեղադրյալներից մեկի փաստաբանը և մյուսի հարազատները, ովքեր անհանգստացած էին և չէին հավատում, որ իրենց տղան է կատարել հանցագործությունը։ Ծնողները խոսել էին իրենց որդու հետ, նա ընդունել էր մեղքը, որովհետև կատարվածից շատ վախեցած է եղել։ Ընդհանրապես ասում էին, որ ինքը շատ խեղճ երեխա է, դա պնդում են նաև պաշտպանները։ Իսկ բանակում բարքերն այդպիսին են, որ եթե դու խեղճ ես, քեզ ցածր կարգավիճակ են տալիս, և Քննչական կոմիտեն էլ այս գողական բարքերի տրամաբանության մաս է կազմում։ Իմ կարծիքով՝ ընտրել են, թե ում վրա դնեն այդ մեղադրանքը։ Սցենարը հետևյալն է՝ դիրքի ավագը սեռական բնույթի գործողություններ է կատարել զինծառայողի նկատմամբ, այնուհետև իբր նրան հարկադրել է սպանել 3 ծառայակիցներին, ովքեր տեղեկացել էին այդ մասին։ Բայց դատաբժշկական փորձաքննությունը հերքել էր սեռական բռնությունը, նախաքննության ընթացքում արդեն պարզ էր, որ դա հերքվել է։ Այսինքն՝ եթե սեռական բռնության դեպքը հերքվում է, մեղադրանքն էլ հետն է հերքվում։ Եթե սեռական բռնություն չի եղել, ինչո՞ւ է կատարվել սպանությունը։ Բայց միևնույն է՝ ՔԿ-ն այդ մեղադրանքով էր տարածել հաղորդագրությունը։ Իսկ դատաբժշկական փորձաքննությունը քրեական գործի ամենալրջագույն ապացույցներից է։
 
Կային տեղեկություններ, որ երեք սպանված զինծառայողների վրա եղել են բռնության հետքեր, անգամ կոտրվածքներ։ Դա նշանակում է, որ մեկ հոգին չէր կարող երեքին ծեծել ու սպանել։ Ընդհանրապես այս տարիների ընթացքում, երբ մենք զբաղվել ենք զինծառայողների քրեական գործերով, պարզել ենք, որ 99 տոկոսը կեղծ են։ Այսպիսի արտառոց՝ երեք զինծառայողի սպանության դեպքն անգամ իրենց չի սթափեցնում։ Քննչական կոմիտեի մոտ իսպառ բացակայում է խիղճը, պատասխանատվությունը, աշխատանքի նկատմամբ բարեխղճությունը։ Էլ չեմ ասում, որ երեք սպանության դեպքում կալանքի տակ են վերցրել երկու ժամկետային զինծառայողների, երբ առաջին հերթին պետք է կալանավորեին հրամանատարին։ Հայաստանում զինվորի սպանությունները երևի սովորական են դարձել, բայց քաղաքակիրթ երկրի համար դա արտակարգ իրավիճակ է։ Այսինքն՝ այս պետությունն իմիջիայլոց է նայում զինվորի կյանքին։ Մենք պատերազմում էլ տեսանք, որ զինվորն արժեք չունի այս երկրի ղեկավարության համար։ Քննչական կոմիտեի նախագահը ևս չի մտածում այս խնդիրների մասին, ինչո՞ւ ես կեղծ մեղադրանք առաջադրում այդ խեղճ ու կրակին։ Այսինքն՝ իրենք ոչ միայն այն երեք զինծառայողին են սպանել, այս զինվորին էլ հետը սպանում են՝ առանց ափսոսանքի։
 
Փաստաբանները հրապարակային գրառումներ արեցին սոցիալական ցանցերում, հայտարարություններով հանդես եկան, որ սեռական բռնության մեղադրանքը հանվել է, բայց ՔԿ-ն այդ հաղորդագրության մեջ թողել էր։ Հետո այդ հաղորդագրությունը հեռացրեցին, չգիտեմ հետագայում ինչ են անելու։ Կան վարկածներ, որ նախքան այդ դեպքը այնտեղ դրսից մարդիկ են եղել, այս ուղղությամբ ոչ մի քննություն չի կատարվել։ Շատ հավանական է, և կան այդպիսի դեպքեր, որ դրսից եկածներն են կատարել սպանությունը։ Ես չեմ բացառում կոռուպցիոն ռիսկերն այստեղ, ի՞նչ շահագրգռություն ուներ ՔԿ-ն։ Ես հասկանում եմ, որ Քննչական կոմիտեն զորամասի հրամանատարի հետ միշտ վարկածները միասին են մշակում։ Օրինակ՝ այսպիսի անհաջող սցենար են ներկայացնում։ Եթե այս պետության գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարությունը, որի զինվորների հետ ոնց ուզում վարվում են, հանգիստ նստած նայում են, պարզ է, որ ոչինչ չի փոխվելու։ Որևէ մեկն այս գործով ինչ-որ բան ասելո՞ւ է Արգիշտի Քյարամյանին։
 
Այսինքն՝ մի կողմից բանակում վատ բարքերը շարունակվում են, մյուս կողմից քննչական մարմիններում քննության ուղղությամբ բարելավում չի եղել, դա՞ ենք փաստում։
 
Այո, իհարկե։ Երեք սպանություն է տեղի ունեցել, սա այնքան արտառոց վիճակ է, որ իրենք պետք է բացահայտեին։ Եթե իրենք մտածում են զինվորի կյանքի մասին, վարչապետը պետք է հանձնարարեր, որ պետք է բացահայտել։ Բայց դրա փոխարեն հանրապետության նախագահը Արգիշտի Քյարամյանին պարգևատրեց՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելով։ Արդյոք հիմա կասեն նրան՝ այս ի՞նչ ես արել։ Ես կարծում եմ, որ պետք է քրեական գործ հարուցվի այդ քննությունը կատարող քննիչի, վերահսկող դատախազի նկատմամբ, Քյարամյանը պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ են այդպես անում ու կեղծում։ Ինչո՞ւ են անմեղ մարդու վրա բռնաբարություն ու սպանություն բարդում, այսինքն՝ կործանո՞ւմ են մարդուն։ Հարցն այսպես պետք է դրված լիներ, եթե Քյարամյանը չէր բացահայտելու այս գործը, պետք է հեռացվեր աշխատանքից։ Էլ չեմ խոսում այն մասին, որ զորամասի հրամանատարին պետք է բերեին պատասխանատվության, ի՞նչ վերահսկողություն է դիրքերում իրականացվում, ի՞նչ է կատարվում, որ մեր զինվորներն այնտեղ սպանվում են։
 
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը