Փաշինյանն իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում. Ավետիք Չալաբյանը՝ դատարանում


Փաշինյանն իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում. Ավետիք Չալաբյանը՝ դատարանում

  • 26-07-2022 19:16:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

iravaban.net Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Գործով մեղադրողը Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արմեն Բեգլարյանն է։
 
Ավետիք Չալաբյանը խոսելով իր առողջական վիճակի մասին՝ ասաց. «Կարծում եմ՝ բավարար է, եթե այս ամեն ինչը շատ երկար չշարունակվի»։
 
Ըստ նրա՝ այստեղ քրեական գործ չկա, ծխածածկույթ է․ «Կա վարչախմբի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյան, ով իմ և իմ ընտանիքի նկատմամբ հետապնդում է իրականացնում, բոլոր փաստերն աստիճանաբար այս դատական նիստի ընթացքում կբացահայտվեն։
 
Այդ ծխածածկույթի տակ մեր իրավապահ համակարգում գործող, այսպես ասած կազմակերպված խումբն, իրականացնում է գործողություններ, որ ամեն անգամ փորձում է օրենքը կամայական մեկնաբանելով ինձ պահել կալանքի տակ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի, որովհետև այս դատավճիռը երբևէ ուժի մեջ չի էլ մտնելու։ Բոլորը լավ հասկանում են, որ այստեղ չկա հանցակազմ, սա ֆաբրիկացիա է, արվել է ապօրինի ձայնագրությամբ, հազար տեղից մոնտաժված, իրար կցված, կառավարական կայքում հրապարակաված, որի սեփականատերը վարչապետի օգնականն է, դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել, ամեն ինչը կախված է երկու վկաներից շանտաժով, իմ աչքի առաջ տեղի ունեցած խոշտանգումներով, կիսատ-պռատ ստացած ցուցմունքներից ու դրանից հետո բազմաթիվ խախտումներից»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
 
Հիշեցնենք, որ Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:
 
Այս գործով անցնում է նաև Էմմա Սարգսյանը, ում՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը