Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին․ նոր մրցույթ է հայտարարվել


Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին․ նոր մրցույթ է հայտարարվել

  • 27-07-2022 18:50:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հ2-ՀՌՀ վեճը հանգուցալուծվել է։ Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի վճռել է․ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։
 
Եվ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանից: «Հայկական 2-րդ հեռուստաալիքը նպատակահարմար չի գտնում այս պահին մեկնաբանություն անել առանձին դատական ակտի վերաբերյալ:
 
Ժամանակը կգա, եւ մենք ընդհանուր, համապարփակ ու փաստարկված հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Գուցե ասուլիս կանենք կամ այլ բան, ձեւաչափը կորոշենք եւ ամեն ինչ փաստարկներով, մանրամասներով կներկայացնենք մամուլին եւ մեր հասարակությանը»,-ասաց Շավարշ Գեւորգյանը:
 
Հիշեցնենք, որ Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում: Հ2-ը դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն եւս դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ ատյանի վճիռը, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play