Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը. Արցախի ՄԻՊ


Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը. Արցախի ՄԻՊ

  • 28-07-2022 18:52:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից  Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ արձակած կրակոցներին:
 
«Հուլիսի 28-֊ին ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
 
Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փամփուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։
 
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
 
Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
 
Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։
 
Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։
 
Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»,- նշված է ՄԻՊ-ի գրառման մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն