«Ղարաբաղին վտանգ սպառնալու դեպքում ռուսական կոնտինգենտը կմիջամտի»․ Ինչ պայմանով է ռուսական զորքը մտել Արցախ


«Ղարաբաղին վտանգ սպառնալու դեպքում ռուսական կոնտինգենտը կմիջամտի»․ Ինչ պայմանով է ռուսական զորքը մտել Արցախ

  • 01-08-2022 11:24:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կոսովո-Սերբիա սահմանին զինված միջադեպից եւ Սերբիայի սպառնալիքներից հետո KFOR-ը (ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային անվտանգության ուժերը Կոսովոյում) հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1999 թվականի 1244 բանաձևով նախատեսված իր մանդատի համաձայն պատրաստ է միջամտել, եթե Կոսովոյի կայունությունը վտանգվի։
 
Ռուսաստանի կողմից երբեւէ նման պաշտոնական հայտարարություն եղե՞լ է նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր։ Այդ ընթացքում բազմաթիվ միջադեպեր են եղել՝ Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայ զինծառայողների գերեվարումից եւ այդ գյուղերը Բաքվին հանձնելուց մինչեւ Փառուխի իրադարձությունները, որոնցով ոչ միայն խախտվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլեւ՝ փոխվել շփման գիծը, լրջորեն վտանգելով Արցախի կայունությունը։
 
Այդ խախտումները մինչ օրս վերացված չեն, եւ չեն էլ կարող վերացվել, որովհետեւ դրանք տեղի են ունեցել ռուսական կոնտինգենտի անմիջական մասնակցությամբ եւ Բաքվի քայլերի ռուսական առաջնորդությամբ։ Առաջին դեպքում Կրեմլը բացահայտ հայտարարեց, թե Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը «լրացուցիչ գլխացավանք է ռուս խաղաղապահների համար», իսկ Փառուխ-Քարագլխի իրադարձությունների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե «դեռ պետք է պարզել, թե ինչ է այնտեղ կատարվել»։
 
Տասնամյակներ շարունակ Արցախի «բանակցային գործընթացում» ռուսներին գլխավորապես հետաքրքրում էր խաղաղապահ կոնտինգենտի կազմը․ Մոսկվան դեմ էր միջազգային ուժերին, պնդելով միայն ռուսական զորախմբի ներկայությունը։ Դա հնարավոր էր միայն Մինսկի խմբի մանդատը, շրջանցելու, պատերազմի եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում։
 
Այդպիսով, ռուսները «վերջին պահին» մտնում էին որպես հայերի փրկիչներ՝ Բաքվին ամուր երաշխիքներով։ Ռուսական զորքի ներկայությունը երաշխիք է Բաքվին, որ զսպվելու են հայերի քաղաքական ու ռազմական նախաձեռնությունները եւ պահանջները։ Հին Թաղեր-Փառուխի իրադարձությունները դրա ամենացցուն դրսեւորումն են։ Իսկ ամենամեծ երաշխիքը Բաքվին հայերի ռուսասիրությունն է, որի վրա կառուցվում է ռուս-թուրքական դարավոր սխեման։
 
Բաքուն ժամանակ առ ժամանակ դժգոհում է ռուսական զորքից, պահանջելով կատարել ստանձնած խոստումները եւ պայմանավորվածությունները (հայ ռուսանպաստ քարոզչությունը դա ներկայացնում է որպես ռուսական խաղաղապահությունը վարկաբեկելու փորձ, այդպիսով պահելով խաղաղապահների «փրկչական» կերպարը եւ խնամքով շրջանցելով այդ խոստումների ու պայմանավորվածությունների թեման)։ Բաքվի դժգոհությունները սակայն կապված են ընդամենը ժամկետների հետ՝ Բաքուն ցանկանում է արագացնել գործընթացները, քանի որ Ուկրաինայում պատերազմի, ներքին ու արտաքին բարդացող կացության պատճառով Ռուսաստանի հեռանկարը մշուշոտ է դառնում։
 
Նշենք նաեւ ոչ պակաս կարեւոր հանգամանք՝ ռուսական կոնտինգենտը Արցախում չունի ոչ միայն միջազգային մանդատ, այլեւ՝ «լոկալ»․ դա արվել է դիտմամբ՝ Բաքվին տրված երաշխիքների եւ «հայկական գլխացավանքից» ազատվելու համար։ Մոսկվան իրեն անհրաժեշտ պահին հղում է անելու այդ մանդատի բացակայությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play