Ճապոնիայի վարչապետը կոչ է անում քայլեր ձեռնարկել միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու համար
02-08-2022 14:19:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան համաշխարհային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել միջուկային զենքից հրաժարվելու համար։ Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 1-ին Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման համաժողովի ժամանակ։
«Որքան էլ դժվար լինի ճանապարհը, քայլ առ քայլ մենք պետք է իրատեսական միջոցներ ձեռնարկենք դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ: Եկել է ժամանակը, որ բոլոր կողմերը միավորեն ջանքերը այս ընդհանուր նպատակի շրջանակներում՝ վերանայման կոնֆերանսի իմաստալից արդյունքների հասնելու համար», – ասել է Կիսիդան:
Նա նշել է, որ NPT-ը հիմք է հանդիսանում քննարկման համար, որը պետք է կիսեն համաձայնագրին մասնակցող բոլոր երկրները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասել էր, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի, և դրանում հաղթողներ չեն կարող լինել։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին կատարել է ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ համապատասխան սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները կքննարկի միջուկային զենքի կիրառումը միայն բացառիկ դեպքերում։ Նրա խոսքով, այդ միջոցի կիրառումը հնարավոր է՝ պաշտպանելու երկիրը, նրա դաշնակիցների ու գործընկերների կենսական շահերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին նշել է, որ միջուկային զենքի կիրառման ներկայիս վտանգը գերազանցում է այն մակարդակը, որը կար Սառը պատերազմի ժամանակ։ Նրա խոսքով՝ մարդկությունը մոռանում է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների դասերը։