ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին


ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

  • 03-08-2022 20:11:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել:
 
2022թ. օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։
 
Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները։
 
Ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն։
Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։
 
Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն