ՀԴԿ առաջարկում է հայրենատեր ազգային բոլոր ուժերի համախմբում՝ քաղաքական խորհրդի կարգավիճակով
05-08-2022 20:05:13 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերջին հարձակումները, Հայաստանի ներկայիս իշխանության դրսևորած հանցավոր կրավորականությունը և ստախոսությունը վերջնականապես ապացուցում են, որ Ն. Փաշինյանի գլխավորած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ ենթարկվում են թուրք-ադրբեջանական սպառնալիքներին՝ ոտնահարելով հայության կենսական իրավունքներ: Այս իշխանությունները դարձել են Ադրբեջանի գործիքը հայոց երկու պետականությունները կազմաքանդելու և համաթուրանական կամրջով Ադրբեջանն ու Թուրքիան միավորելու ճանապարհին: Արցախի ապառազմականացման և Ադրբեջանի հետ տխրահռչակ «խաղաղության» պայմանագրի կարգախոսներով փաշինյանական իշխանությունը դուրս է բերում հայ զինվորականներին Արցախից, ջլատում է Հայաստանի բանակը, խոստացված բանակային բարեփոխումների փոխարեն մեր ռազմական ուժերը անկառավարելի նահանջի մեջ են, փորձ է կատարվում պարտության ողջ բեռը բարդել բանակի վրա: Պարտվողական, բացարձակ անինքնուրույն արտաքին քաղաքականության հետևանքով հնարավոր են դառնում նոր տարածքային զիջումները Ադրբեջանին և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքի շուրջ ծավալվող զարգացումները վկայում են, որ փորձ է կատարվում վերջնականապես կտրել Արցախը Հայաստանից, Լաչինի միջանցքը վերածել ինչ-որ անհասկանալի ճանապարհի, որը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, թողունակություն, հարակից հայկական բնակավայրեր, կայացած փաստ դարձնելով Արցախի լիակատար բռնազավթումը և Սյունիքի հանձնումը, հայության նոր ցեղասպանությունը: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սպառնալի մարտահրավերների հաղթահարման համար առաջարկում է պետականապաշտպան, հայրենատեր ազգային բոլոր ուժերի համախմբում՝ քաղաքական խորհրդի կարգավիճակով, որը կստանձնի ստվերային կառավարության գործառույթները՝ հետևյալ հրատապ խնդիրների իրագործման նպատակով: