Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

  • 11-08-2022 19:59:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
 
Հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):
 
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը