«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ


«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

  • 15-08-2022 19:14:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին իմ հանձնարարությամբ այց են կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ից:
 
«Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար:
 
Տուժած քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել բժշկական կենտրոնների մատուցած պատշաճ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգատար վերաբերմունքի համար:
 
Տեղի ունեցած ողբերգական դեպքի, դրա առաջացման պատճառների, իրավասու մարմինների կողմից հնարավոր թերացումների, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավասու մարմիններից։
 
Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով։
 
Ցավակցությունս եմ հայտնում զոհերի ընտանիքներին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն